Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեն Անդրեասյանի հրաժարականը կապված է մեկ-երկուսին կպնելու հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Lernik-Aleqsanyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ում Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ կապված քննարկումներ չեն ընթացել: «Դրանք անհատական մարդիկ են, ովքեր Կարեն Անդրեասյանի հետ հակասության մեջ են եղել, բայց կուսակցությունում այդպիսի քննարկումներ չեն եղել: Եթե հասունանում է ինչ-որ մեկին տեղափոխելու կամ պաշտոնից զրկելու հարցը, եթե դա կապված է քաղաքական կամ կուսակցական խնդիրների հետ, դա կուսակցությունում քննարկվում է: Այդ տիպի խոսակցություն մեր կուսակցությունում չի եղել»,-շեշտեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ՀՀԿ-ն ի՞նչ առնչություն ունի Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ, եթե հաշվի ենք առնում ՄԻՊ-ի ամիսներ առաջ արած այն հայտարարությունը, որ իր դեմ քաղաքական պատվեր է տրված: Մեր հաջորդ հարցին ի պատասխան, թե զուտ պատահականություն էր ՀՀԿ որոշ պատգամավորների հետ ունեցած լարված հարաբերություններից հետո հրաժարականի դիմումը, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց. «Չեմ կարծում, որ պատահականություն էր: Եթե ՀՀԿ անդամները ինչ-որ բան են հրապարակային հայտարարում, ուրեմն կան ինչ-որ հիմքեր, բայց հրաժարականի քննարկում չի եղել: Կարող է Կարեն Անդրեասյանը դա կապի կուսակցության հետ, բայց դա չի նշանակում.... Ես գիտեմ, որ հանրապետության նախագահը կամ այն մարդիկ, ովքեր լիազորություն ունեն այդտեղ, այդ հարցը չեն շոշափել: Կարեն Անդրեասյանի հայտարարությունը դեռևս հիմքեր չունի»: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, սակայն, համաձայն չէ այս կարծիքի հետ: «Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ում այս հարցի հետ կապված պաշտոնապես քննարկումներ չի եղել, սակայն դա չի նշանակում, որ ՀՀԿ ղեկավարությունը, անհատները, որոնք այդքան հզոր դիրքեր ունեն և նրանց ասածը բազմաթիվ քննարկումներից շատ ավելի մեծ կշիռ ունի դա չքննարկեին: Բնականաբար, Հայաստանում որևէ մեկը հենց այնպես հրաժարական չի ներկայացնում: Նման կարևոր պաշտոնից հրաժարական տալու պատճառը բնական է պետք է կապված լինի հարաբերությունների հետ»,-ընդգծում է պարոն Սադոյանը և հավելում. «Կարող է դա կապված չի եղել ամբողջ կուսակցության կամ նրանց քաղաքական գծի հետ, այլ կոնկրետ մեկ-երկու անձանց հետ ունեցած հարաբերությունների հետ: Մեկ-երկու անձի կպել է, նրանք էլ հեղինակավոր են եղել ու բնական է նա էլ ստիպված հրաժարական է տվել: Ուրիշ բացատրություն ես չեմ գտնում»: