Հայր Կիրիլը Հռոմի Պապը չէ (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը քաղաքական պատվերի արդյունք չի համարում. «Դա նրա տեսակետն է, և ես իր տեսակետի վրա բռնանալ չեմ կարող: Այդպիսի հրահանգ և այդպիսի որոշում մեր կուսակցության մեջ չի եղել, չկար և եթե լիներ, ես անպայման կիմանայի»: Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱԺ-ում ՄԻՊ-ի 2014թ-ի տարեկան ամփոփիչ զեկույցը ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների կողմից արժանացավ բուռն քննադատության և բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացավ: «Ես բացարձակ ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հաստատապես պնդել, որ այդ հանգամանքներն իրար հետ փոխկապակցված են: Հնարավոր է, որ ինքը իր գործունեությունից դժգոհ է եղել՝ որոշակի հարցերում կամ բավարարված չի, դրա համար էլ որոշել է հրաժարական ներկայացնել: Մենք հրաժարականները պետք է ընդունենք շատ սովորական կարգով, վերջիվերջո արդեն 25 տարի է, որ մենք ժողովրդավարական պետություն ենք կառուցում և առանձին պաշտոնյաններ կարող են հրաժարականներ տալ»,-եզրափակեց Մկրտիչ Մինասյանը: Անդրադառնալով նաև մի քանի օր առաջ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի այն հայտարարությանը, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ բռնություններ չեն եղել, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Ռուսաստանի դուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը, այս տարածքում էլ Ռուսաստանն ավելի խոշոր դաշնակից չունի, քան Հայաստանը և հանկարծ Կիրիլը նման բան է ասում: Պիտի անընդունելի բան է: Իմ կարծիքով՝ Կիրիլը և իր դիվանը պետք է հայտարարությամբ հանդես գան: Կարծում եմ, որ դա ընդամենը թյուրիմացությունն է»: Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը կիսում է Մկրտիչ Մինասյանի տեսակետը: Նա ևս համոզմունք հայտնեց, որ Կիրիլի հայտարարությունը պարզապես վրիպակ է, անփութության արդյունք: «Բոլոր ինտելեկտուալները առաջին հերթին պատմության բոլոր ելևէջները չգիտեն, նա էլ Հռոմի պապը չէ, որ յուրաքանչյուր գործի վրա ունենա սեփական անկրկնելի արխիվում 300-500 աշխատողներ, որոնք տեղեկատվությունը պարբերաբար ճշգրտեն: «Ա1+»-ի հարցին, թե ինչու մեր եկեղեցական դիվանը իր բողոքի նոտան չհղեց կամ իր դժգոհությունը չարտահայտեց այդ կապակցությամբ, պարոն Մինասյանը արձագանքեց. «Մենք դա չպետք է ընդունենք որպես մեր երկու ժողովուրդների միջև հիմնաքար, անկյունաքար: Ես այդպես չեմ կարծում: Դա պետք է ընդունել որպես թյուրիմացություն, իսկ ով թյուրիմացություն է փույլ տվել հայտարարությամբ հանդես գա ու վերջ, չէ՞ որ իրականում այդ երկիրը պետական մակարդակով մեր ցեղասպանությունը ընդունել է և մեր բարեկամ երկիրն է, մեր անվտանգության երաշխավորն է»: