Մեր Աստծուց մնաց միայն Ծառուկյան Գագիկը
Երեկ Սուրբ Ծնունդ էր: Նախորդ օրվա հեռուստաեթերից դատելով, Աբովյանի եկեղեցում ընթացող պատարագից առանձնապես պարզ չէր, թե ում Սուրբ Ծնունդն է: Ահա թե ումով հագեցրինք մեր Աստծուն, տղերք: Մեր Աստված այնքան օրինաչափ է իրականում, որ դա ոչ մի մեղքին չի խանգարում: Կա Նա եւ կա Մեղքը` բոլորովին զուգահեռ գոյություններ, ասես միմյանց հետ լեզու գտած, միմյանց չխանգարող եւ չպարտադրող: Մտեք Վերնիսաժ. բոլոր զարդաքանդակներն ու փայլանկարները խաչ ու եկեղեցիներ են: Հայ մարդու հավատը ոչ մի ջանք չի պահանջում: Էդ հավատի տակ ոչինչ չկա: Որովհետեւ այն խնամված չէ: Փոխարենը մենք հավատի դեկորացիաների ավելցուկ ունենք` ավելի շատ եկեղեցիներ, նկարներ, աղոթքներ, Աստվածաշնչեր եւ ավելի քիչ` գրականություն: Եվ հավատի դեկորացիաները փակել են մեր տեսադաշտը: Այդպես է նաեւ մեր բնությունը: Մենք տուրիզմից ազատ բնություն չունենք, տուրիստին առերեսելիքը բնությունը չէ, այլ` հավատը բնաշխարհի մեջ, բնությունն ինքն էլ դեկորացիա է, որի հետ կարելի է վերաբերվել, ինչպես մարդն է վերաբերվում, ասենք, բնակարանին: Թումանյանը մի բանաստեղծություն ունի, աղոթք է, բանաստեղծություն չէ` տեր, խելք չեմ ուզում, ինձ երկար օրեր եւ փող տուր բազում: Ահա ինչու է Շաքիի ջրվեժը` ՀԷԿ, իսկ Ջերմուկը միայն առողջարար ջուր է: Թեղուտն արդեն չկա: Կա միայն ՕԳԳ-ով չափվող բնությունը: Ավելի ճիշտ` միայն սպառման ենթակա բնությունը: Եվ այս պատճառով չէ՞, որ մեր արգելոցներն ավելի վատ վիճակում են, քան մերձդղյակային անտառները: Հայ մարդու համար ամեն ինչ ենթակա է սպառման, վայ թե Աստված տեղը կլրացնի: Սակայն, ինքը, հայ մարդն այդ լրացման մեջ չկա: Սիրո մեջ ինչպե՞ս է` ինքնին սերը «հագեցվում» է ծաղիկներով: Մենք ծաղիկների ժամանակ չունենք: Նախ` անկողինը: Մեր Աստծուց աղքատ Աստված չկա: Մեր Աստվածն աշխատատար չէ, ասես նա գոհ պետք է լինի, որ դեռ կա: Ռուսներն, օրինակ, իրենց Աստծուն հարստացրեցին Ռուբլյովով, Դոստոեւսկիով, Բերդյաեւով: Դրանից Հիսուսն իբրեւ լանդշաֆտ չխաթարվեց: Մինչեւ էսօր հարստացնում են: Իհարկե, նախկին տեմպերը չկան: Պաստեռնակն ու Բրոդսկին թարմացրեցին Աստծուն: Մենք ո՞վ ունենք` Նարեկացին: Նրա Հիսուսը ոչ մի տողով մեզ չի վերաբերվում: Հետո եկավ Մեծարենցը: Բնականաբար Նարեկից եկավ: Նարեկը հարստացրեց Մեծարենցին: Հետո Թումանյանն ու Չարենցը: Բոլոր այս մարդիկ մեզ առաջարկում էին մի Աստված, որի ամբողջ օրգանիզմն անվանված է: Ավելին՝ բլոգում