Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարին հաջողակ էր հատկապես Սիրիայի քրդերի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Siria

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ամփոփելով 2015թ-ին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, շեշտեց, որ տարին հաջողակ էր հատկապես Սիրիայի քրդերի համար, քանի որ հենց տարվա սկզբից նրանց հաջողվեց հետ նվաճել Քոբանին, ինչպես նաև մի շարք այլ տարածքներ։ «Քրդերը հանդես են գալիս նաև որպես առանձին խաղացողներ։ Նրանք կարողացան խոչընդոտ հանդիսանալ նաև Սիրիայի հյուսիսում անթիռչք գոտի ստեղծելու թուրքական ծրագրերին, իսկ հիմա էլ ռազմական հաջող ծրագրեր են իրականացնում իսլամականների դեմ»,-նշեց Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս տարվա ընթացքում կարևոր հանգամանք համարեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից սիրիական հակամարտության հանգուցալուծման համար ընդունված բանաձևը, ինչը ևս ըստ նրա՝ կարևոր առաջընթաց էր։ Այսուհանդերձ, արաբագետը համոզված է, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում։ «Ճիշտ է, նման միջազգային հարթակներում՝ հանդիպումները խոշոր տերությունների, ընդունված բանաձևերը, որոշումները , դրանք հանգուցալուծումը մի քայլ առաջ են տանում, բայց վերջնական հանգուցալուծումը պետք է փնտրենք բուն Սիրիայում տեղի ունեցող զարգացումներում»,-ասաց նա։ Սիրիայում ռուսական օդուժի ներգրավումից հետո արաբագետի կարծիքով՝ որոշակի տարածքային նվաճումներ եղան սիրիական կառավարական ուժերի կողմից։ «2015թ-ի վերջին միտումներն էլ ցույց են տալիս, որ կառավարական ուժերին հաջողվում է որոշակի ձեռքբերումներ ունենալ, բայց գլոբալ ձեռքբերումների մասին խոսելը դեռևս վաղ է»,-ընդգծում է արաբագետը։ Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ տարիներ շարունակ ճգնաժամի մեջ գտնվող Սիրիան այլևս երբևէ չի կարող վերականգնվել կամ դառնալ այնպիսին, ինչպիսին մինչև հակամարտության սկիզբն էր։ «Լավագույն սցենարը կարող է լինել այն, որ այն կարող է դառնալ Իրաքի կամ Լիբանանի նման որպես համայնքային պետություն, իսկ վատագույն դեպքը՝ երկրի մասնատումն է մի քանի մասերի, ինչը, միանշանակ, կախված է առաջիկա զարգացումներից՝ ոչ միայն Սիրիայի ներսում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ակնհայտ է, որ սա ոչ միայն ներքին, այլև միջազգային հակամարտություն է, որտեղ ներգրավված են ինչպես տարածաշրջանային , այնպես էլ աշխարհաքաղաքական լրջագույն դերակատարություն ունեցող երկրներ։ Հենց այդ երկրների հարաբերություններից, նրանց միջև համաձայնության կայացումից է հնարավոր կարգավորման որոշակի դրական հեռանկարներ»,-նշեց պարոն Պետրոսյանը։