Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղանուշ գյուղի բնակիչների ստորագրահավաք-դիմումը

Քաղաքականություն
66444

“Դանդի Փրիշըս Մեթալս Կապան” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Հրաչ Ջաբրայանին                                                       Պատճենը՝        ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին “Դանդի Փրիշըս Մեթալս Կապան” ՓԲԸ սեփականատեր անգլիական “Վաթրին Ինվեսթմընթ” ՍՊԸ-ի տնօրեն Ջերեմի Կուպերին Կանադական ”Դանդի Փրիշըս Մեթալս” ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ռիչարդ Հաուսին Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) տնօրենությանը   Գյուղ Գեղանուշ       Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։ Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլևս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է և հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել և ամայացել են. կտարտվել և վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները: Պոչամբարի վերագործարկման հետևանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին և ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն  լցվելու հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում:  Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում  գլխավորապես առավոտյան:  Պոչամբարի վերագործարկումից առաջ և հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որևէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում  բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ  կան և կլինեն:   Ակնհայտ է, որ  պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր… Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր և մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից: Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով  մեր կրած վնասները և բաց թողնված օգուտները։   ........ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում 2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ստորագրահավաք։ Ստորագրահավաքի նպատակն է վերականգնել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները։ Համառոտ նկարագրություն Գեղանուշ համայնքի մարդաքանակի վերաբերյալ։ Համայնքում գրանցված է 249 ընտրող, որից սովորաբար ընտրությանը մասնակցում են 150 մարդ։ Ստորագրահավաքին մասնակցել է 184 մարդ։