Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Շարմազանովի խոստումները իրականություն չդարձան. Բ. Մուրազի (լրացված) (տեսանյութ)

Քաղաքականություն
boris-murazi

Ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը ուսումնասիրով աշխատանքային խումբ և անհրաժեշտ փաստերի հավաքման դեպքում այն կներկայացվեր ԱԺ քննարկմանը, ինչպես նաև ԱԺ-ում պետք է անցկացվեր Իրաքի եզդիներին նվիրված լուսնկարների ցուցահանդես: 2015 թվականը մոտենում է ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի այս խոստումները իրականություն չդարձան: Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ հայտնում է «Սինջար եզդիների ազգային միավորում»-ն նախագահ Բորիս Մուրազին. «Մեզ համար ցավալի է, որ ԱԺ փոխխոսնակը իրականացնում է հայտարարություններ և մոռանում է այդ խոստումների մասին: Առավել ցավալի է, որ այդ խոստումները արվել են ՀՀ նախագահի անունից: Այս կերպ Շարմազանովը վարկաբեկում է պետական ինստիտուտների և քաղաքական գործիչների հեղինակությունը»:   Էդուարդ Շարմազանովի արձագանքը Բորիս Մուրազիի հայտարարությանը «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի քույրեր եւ եղբայրներ, Ափսոսանքով ծանոթացա խոստումնալից, կարծում եմ նաեւ սրտացավ, բայց միեւնույն ժամանակ անփորձ երիտասարդ գործիչ Բորիս Մուրազիի հայտարարությանը: Մի քանի նախադասությամբ անդրադառնամ իմ հասցեին հնչեցված «մեղադրանքներին», քանի որ նախընտրում եմ որեւէ հարց  անպատասխան չթողնել:  Այո, այս տարվա ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են եղել եզդի համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրները: Ես Ազգային ժողովում ընդունել եմ տարբեր երկրների եզդիական համայնքների պատվիրակություններին, այդ թվում՝ վերոնշյալ երիտասարդի ուղեկցությամբ խորհրդարան ժամանած խմբին: Քաջատեղյակ լինելով նրանց կողմից առաջ քաշված բոլոր խնդիրներին՝ փորձել ենք համատեղ ջանքերով գտնել դրանց լուծումները: Առաջարկել եմ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի ջարդերի եւ կոտորածների բոլոր նյութերը տրամադրել «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային», որի նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը Երեւանում, ապա քննարկել այդ նյութերն Ազգային ժողովում: Ինձ հայտնի չէ նրանց կողմից նյութերն ասոցիացիային փոխանցելու փաստը: Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ Ազգային ժողովում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ: Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատում են իմ ազնիվ եւ նվիրված աշխատանքը՝ պարգեւատրելով ինձ «Ուսուբ Բեկ» հուշամեդալով՝ հայ-եզդիական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ ներդրման համար: Մնացեք խաղաղությամբ: Աստված բոլորիս պահապան»: