Եկող տարի քաղաքական ուժերը դիրքավորվելու խնդիր են լուծելու. քաղաքագետ (տեսանյութ)
Անցնող տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը Սահմանադրական հանրաքվեն էր՝ իրեն կից ընթացող գործընթացներով։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի դիտարկմամբ՝ կա ևս երկու իրադարձություն, որոնք այս կամ այն կերպ կապված են հանրաքվեի գործընթացին և ևս հավակնում են տարվա կարևորագույն իրադարձությունների շարքը լրացնելու։ «Դրանցից մեկը փետրվարյան իրադարձություններն էին և մասնավորապես՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, ԲՀԿ-ի նախաձեռնած գործընթացի կասեցումը և այդ կուսակցության քաղաքականության վերաձևակերպումը։ Մյուսն, անշուշտ, ամառվա իրադարձությունն էր, որը հասավ կամ կիսով չափ հասավ իր առջև դրված նպատակին։ Եթե Սահմանադրության փոփոխության լույսի ներքո դիտարկելու լինենք՝ տեսանք, որ ակտիվիստներից ոմանք քաղաքական կազմակերպությունների շարքերը համալրեցին»,- նշում է քաղաքագետը։ Հայաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր էր ինտեգրացիոն գործընթացները, մասնավորապես ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև Եվրամիության հետ նոր համագործակցության պաշտոնական մեկնարկը։ Քաղաքագետը առանձնացնում է նաև Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակի լարվածության աճը, որն, ըստ նրա, ամենամեծն է եղել հրադադարի հաստատումից հետո. «Հայաստանը և Ադրբեջանն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում կոնֆլիկտի կարգավորման հարցում, Ադրբեջանը ցույց է տալիս, որ չնայած մասնակցում է բանակցություններին, պատրաստ է լարվածությունը նվազեցնել, սակայն իրականում այլ նպատակ է հետապնդում։ Իրականում Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հասցրել է այն վիճակին, որ համանախագահներն սկսել են ավելի կոնկրետ հայտարարություններով հանդես գալ՝ ուղղված Ադրբեջանին»։ Չնայած նախօրոք տեսակետ էր շրջանառվում, որ Հայաստանը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը, սակայն երեկ պարզ դարձավ, որ այն կշարունակի գլխավորել Նիկոլայ Բորդյուժան. «Դա հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը կանգնած է մարտահրավերների առաջ և կտրուկ փոփոխությունների չի ցանկանում գնալ»։ Ալեքսանդր Մարգարովի համոզմամբ՝ 2016 թվականին Հայաստանի ներքին կյանքը ևս թեժ կլինի. «Հաջորդ տարվան հետևելու է խորհրդարանական ընտրությունների գործընթացը և քաղաքական ուժերը դիրքավորվելու խնդիր են լուծելու»,- հավելում է նա։