Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ». Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
babayan1

Երեւանի Տիկնիկային թատրոնն իր պարտքն է համարում այցելել սահմանամերձ գյուղեր եւ ներկայացումներ խաղալ այնտեղի երեխաների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ամփոփելով տարին, նշեց, որ ընդամենը երեք օր առաջ են վերադարձել մարզերից: «Մեծագույն պարտավորություն ունենք այն մարդկանց հանդեպ, ովքեր գիշերը քնում են՝ չիմանալով առավոտյան կզարթնեն, թե ոչ, եւ հակառակը»,-ասաց նա: Անդրադառնալով ընթացիկ տարում հասարակական-քաղաքական կյանքում ունեցած կորուստներին եւ ձեռքբերումներին, Բաբայանը նշեց. «Կորցրեցինք երեւի այն, ինչ չունեինք, որովհետեւ, կարծում եմ, վստահության եւ հավատի պակաս մենք մշտապես զգում ենք մեր կյանքում: Այնպես որ, ասել, թե մենք հավատ կորցրեցինք, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այդ հավատը պետք էր ունենալ: Սակայն եղան նաեւ դրական բաներ: Մենք տեսանք հասարակական ակտիվ կյանք եւ այդ կյանք ներգրավված ակտիվ երիտասարդների: Ես մի քիչ կողքից եմ նայում, բայց այդ հանրահավաքների տարբերությունը զգում եմ զուտ վիզուալ: Երբ հանրահավաքներում տեսնում ես երիտասարդների, հասկանում ես, որ դա ուղղված է ապագային, իսկ երբ տեսնում ես հավաքներ, որտեղ միայն թոշակառուներ են, դա արդեն ուղղված է անցյալին, դա ապագա չունի: Հասարակությունը շատ ավելի մեծ տեղ է տալիս սեփական իրավունքներին, ավելի շատ է ընկալում իրեն որպես երկրի տեր: Այս տեսակ փոփոխությունը, երբ կատարվում է մտածողության մեջ, դա նշանակում է, որ կփոխվի նաեւ կյանքը»: Պատասխանելով հարցին,թե ինչու են որոշ մտավորականներ խուսափում բարձրաձայնել երկրի խնդիրների մասին, Ռուբեն Բաբայանն ասաց. «Եթե հասարակությունը պահանջ ունի քեզ լսելու, դու պարտավոր ես խոսել: Ես կարծում եմ, որ մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը: Մտավորականը մշտապես պետք է դժգոհ լինի այն վիճակից, որը կա: Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել այդ վիճակը: Կա խաբկանք՝ խոսենք իշխանությունների հետ, եւ իշխանությունը կփոխի վիճակը դեպի լավը: Չի լինում այդպիսի բան: Ամենաժողովրդավարական երկրում, ամենաբռնապետական երկրում իշխանությունը հաշվի է նստում միայն մի բանի հետ՝ քանակի: Մտավորականի խնդիրը այս քանակը որակ դարձնելն է»: