Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չստորագրած պատգամավորները մերժեցին ժողովրդին, սա քաղաքական հարց չէր. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zurab1

«Կատարվածը սրբապղծության նման մի բան է, չի կարող ավելի պիղծ բան լինել, քան ժողովրդի կամքի դեմ գնալը»,- խոսելով դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին` հայտարարում է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ու հավելում, որ ՍԴ դիմելու համար պատրաստված փաստաթուղթը հենց այդ կեղծիքները ապացուցելու համար է. «Սա լրջագույն փաստաթուղթ է, որտեղ ներառված են բոլոր խախտումների ապացույցները, այն ներառում է նաեւ ընտրական հանձնաժողովների խախտումները, այստեղ կա ապացույց, որ ԿԸՀ-ի տված թվերը հակասում են ժողովրդագրական տվյալներին: Փաստաթղթում նշվում է, որ համատարած եւ հրահանգավորված մի գործընթաց է եղել, որի նպատակն էր արձանագրել արդյունք, որը պետք էր միայն իշխանությանը»: ՍԴ ներկայացնելու համար պատրաստված փաստաթուղթը բաղկացած է 37 էջից, եւս 300 էջ կից դիմումներն են, կցված է նաեւ 30 ժամ տեսագրություն: ՍԴ է ներկայացվել երկու դիմում, մեկը`19 պատգամավորների ստորագրությամբ` Լեւոն Զուրաբյանի անունից, որպես ՀԱԿ խմբակցության ղեկավար, մյուսը` մի խումբ քաղաքացիների, դիտորդների եւ լրագրողների անունից: «Ես բարձր եմ գնահատում այն պատգամավորների արածը, որոնք ստորագրեցին մեր փաստաթղթի տակ: ՀԱԿ-ի բոլոր պատգամավորները, ՕԵԿ-ինը: Անկախ նրանից, թե մենք ինչ ենք մտածում իրենց մասին, ինչ լարվածություն ենք ունեցել, բարձր ենք գնահատում իրենց քայլը, այն պատմական դեր ուներ, մնալու է պատմության մեջ եւ դեռ դեր է խաղալու։ Այն պատգամավորների կողմից, որոնք չստորագրեցին, որեւէ արդարացում չի ընդունվում, սա քաղաքական հարց չէր, սա ժողովրդի մերժում էր»,- հավելեց Զուրաբյանը: Փաստաբան Տիգրան Եգորյանը, որ դիմել էր ՍԴ, վստահեցնում է`առաջին քայլը, որ պետք է անի պետական մարմինը, դա դիմում ընդունելն է, ցանկացած քաղաքացուց, ցանկացած ժամանակ. «Սա այն կետն է, որ չի կատարում ՍԴ-ն, չի անում, որպեսզի խուսափի այս ծավալուն կեղծիքների քննությունից, սեփական ձեռքով կրկին կեղծիք կատարելուց, քանի որ ոչ մի ատյանում ոչ մի արդար քննություն չի լինում»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը վերջում վստահեցրեց, որ իրենք լինելու են շատ հետեւողական. «Մեր բոլոր քայլերն ուղղված են նրան, որ մենք բոլոր հնարավորությունները օգտագործենք` կեղծիքները ժողովրդին ներկայացնելու եւ մեղավորներին պատժելու համար: ՍԴ-ն կամ կընդունի վարույթը, ինչ ես քիչ հավանական եմ համարում, կամ չի ընդունի, եւ մենք կհրապարակենք այս բոլոր փաստաթղթերը: Սա ինքնանպատակ չէ, մենք գիտենք , որ գործընթացը չենք շրջի, բայց այս գործը կունենա մեծ նշանակություն, ոչ մեկն այլեւս չի հանդգնի կեղծել ընտրությունները»: