Պերմյակովի գործով ռուսական բազայում արտագնա նիստը մտահոգիչ է. ՀՔԱ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը կայանալու է ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչը Դատարանը հիմնավորել է ամբաստանյալի՝ ՌԴ կայազորային կալանատանը գտնվելու հանգամանքով, որտեղ նա իր պատիժն է կրում: Ինչպես նշված է Դատարանի վերոնշյալ որոշման մեջ, այդպիսով հնարավոր կլինի ապահովել ամբաստանյալի ներկայությունը դատական նիստերին և երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը: Եթե դատելու լինենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն որոշման տրամաբանությամբ, ապա պետք է ենթադրել, որ բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալները գտնվել են Հանրապետության տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկներում, որտեղից նրանք բերվել են դատարանի դահլիճ՝ մասնակցելու դատական նիստերին, խախտվել է վերջիններիս արդար դատաքննության իրավունքը: Հարցը դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից ևս , որով սահմանվում է արդար դատաքննության իրավունքը՝ Վալերի Պերմյակովի արդար դատաքննության իրավունքի խախտման որևէ դրսևորում չի կարող լինել, և այս պարագայում բացակայում է արտագնա նիստ վարելու անհրաժեշտությունը: Բացի դրանից՝ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ կայազորային կալանատանը գտնվելու հանգամանքը արդեն իսկ խախտում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածը, որով սահմանվում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, այնպես էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, առավել ևս, որ զորամասի կայազորային կալանատունն իր պահման պայմաններով չի կարող համապատասխանել քրեակատարողական հիմնարկի չափանիշներին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ