Դպրոցի տնօրենը, աշակերտներն ու ծնողները` օրինախախտ մանկավարժների մասին (տեսանյութ)
Սահմանադրական հանրաքվեի օրը ընտրախախտումների մասին տեսանյութերի պակաս չզգացվեց, դրանցից որոշներում էլ օրինախախտի դերում ընտրական հանձնաժողովների անդամ մանկավարժներն էին: Արդյո՞ք պետք է մանկավարժներին ներգրավել քաղաքական գործընթացներում: Երևանի 114-րդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նշում է. «Հանձնաժողովի անդամ լինելու համար սահմանափակում դրված չէ, որ ուսուցիչը չի կարող լինել, խանութի աշխատողը կարող է լինել, մանկապարտեզի դաստիարակը կարող է լինել»: Տիկին Ռուզաննան իր իսկ ղեկավարած դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասի քարտուղարն է եղել: Այստեղ հանրաքվեի օրը լրագրողի էին դուրս հրավիրել ընտրատեղամասից։ «Լրագրողներին եթե խանգարել են, կա ձև, կա կարգ, գրի՛ր հատուկ կարծիք, արձանագրություն կազմիր»: Իսկ ըստ նրա՝ ինչպե՞ս պետք է վարվի այն ծնողը, ում երեխայի ուսուցչի լուսանկարը մյուս ընտրակեղծարարների կողքին հայտնում է համացանցում: «Ուսուցիչն էլ մի մարդ է, որը կարող է և խախտել, և չխախտել: Պատկան մարմիններ կան, թող զբաղվեն: Իսկ թե ինչպես պետք է վարվի ծնողն ուսուցչի հետ, որը այդպես է արվել... դուք հիմա մանիպուլյացիայի եք ենթարկում, երեխաներին ու ուսուցիչներին տրամադրում եք ուսուցիչների դեմ»,- դպրոցի տնօրենը մեղադրական խոսքերն ուղղում է մեզ: Երևանի թիվ 114 դպրոցի ուսուցչուհի Գոհար Հակոբյանն, ով ընդգրկված եղել է ընտրական հանձնաժողովի կազմում, չի կարողանում ընդունել, որ մանկավարժները կարող են մասնակից լինել օրինախախտումների. «Հնարավոր չի նման բան»: Մինչդեռ աշակերտներն այդքան էլ ոգևորված չեն իրենց ուսուցիչներին տեսնել քաղաքական պրոցեսներում: Նրանք նշում են. «Ընտրակեղծիքի մասին լսելով հաստատ կիմանամ, որ էդ ամեն ինչը իրեն ստիպողաբար են անում»: Մեկ այլ սովորող էլ ավելացնում է. «Ես չեմ մտածում, որ ուսուցիչները պետք է խառնվեն, ինձ դուր չի գալիս»: Այս հարցի վերաբերյալ միանշանակ է նաև երևանցիների տեսակետը: Ուսուցիչները պետք է զբաղվեն բացառապես մանկավարժությամբ: Երևանցիներից մեկը նշում է. «Ուսուցիչը չպետք է էլի այդ գործին մասնակցի, այդ գործին պետք է մասնակցեն մենակ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ»: «Ուսուցիչները ճիշտ կլինի, որ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ պարզապես դաստիարակեն երիտասարդությանը»,- մեկ այլ քաղաքացու տեսակետն է: Քաղաքացիները պատրաստ են կտրուկ միջոցներ ձեռք առնել, երբ իմանան, որ իրենց երեխաներին կրթում են օրինախախտ մանկավարժներ: «Երեխաներին կհանենք այդպիսի դպրոցից»,- հնչում է ընդհանուր տեսակետ: Ի դեպ, օրենքը չի արգելում ուսուցչին հայտնվել ընտրական հանձնաժողովների կազմում, սակայն, թե ինչպես է այն գործում ընտրակեղծիքներին մասնակցողներին պատասխանատվության ենթարկելու հարցում, հայտնի է բոլորին: