Բարեգործական համերգ Նյու Յորքում
Դեկտեմբերի 16-ին, Նյու Յորքի Հայ Ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ բարեգործական համերգ շնորհաշատ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մասնակցությամբ։ Համերգի հովանավորն էր Հայկական Հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղը։ Համերգը բարեգործական էր, որից առաջացած հասույթը կտրամադրվի Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներին։ «Նյու Յորքում ապրում և ստեղծագործում են բազմաթիվ հայ երաժիշտներ, որոնք մեծ հաճույքով կմասնակցեն նմանատիպ միջոցառումների»,- ասաց Հայկական հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղի տնօրեն Լիսա Ստեփանյանը։ Օրվա հանդիսավարն էր եկեղեցու Հոգևոր Հայր Հայկ Քերլոպյանը։ Երեկոյին բարեգործական համերգի կազմակերպիչներին և անձամբ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանին իր շնորհավորական խոսքն ասաց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը։
Դաշնակահար Կարինե Պողոսյանը իր սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի թիվ 1 երաժշտական դպրոցում։
Այնուհետև ավարտելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ։ Նրա ուսուցիչներն են եղել Իրինա Ղազարյանը, Վաչե ՈԻմր-Շատը և Սվետլանա Դադյանը ։ 1998թ․ Կարինե Պողոսյանը մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ շարունակում և գերազանց դիպլոմով ավարտում է Կալիֆորնիայի պետական համալսարանը, պրոֆեսոր Ֆրանսուա Ռեգնատի դասարանը, ինչպես նաև Նյու Յորքի Մանհեթեն դպրոցը՝ Արկադի Արոնովի ղեկավարությամբ ։ Ներկայումս նա ապրում է Նյու Յորքում և դասավանդում է Մանհեթենի Մայր բուհի երաժշտական դպրոցում ։
Դաշնակահարուհին բազմաթիվ մենահամերգներով ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի հանրաճանաչ համերգասրահներում։ Արամ Խաչատրյանի 100 – ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներից էր ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ կազմակերպված Կարինե Պողոսյանի մենահամերգը, որտեղ ունկնդիրների թվում են եղել ՄԱԿ-ում հավատարմագրված տասնյակ պետությունների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ ։
Կարինե Պողոսյանը այս տարվա մայիսին, որպես պատվավոր հյուր, մասնակցեց Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի շրջանավարտական հանդեսին, կատարելով Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ ։ Այս համերգային ծրագրում դաշնակահարուհին սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Բեթհովենի մի քանի ստեղծագործություններ։
«Այսօր ինձ համար հատուկ մի օր էր այն առումով , որ ես որպես երաժիշտ ցանկացա իմ լուման ներդնել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների վերանորոգման համար։ Այսօրվա սիմֆոնիկ նվագախմբում ոչ մի հայ չկա։ Բայց իմանալով, որ համերգը ինչ նպատակի է ծառայում, մի քանի օրում խումբը հավաքվեց՝ դիրիժոր Քեյլ Ռիտենաուրի գլխավորությամբ», – ասաց դաշնակահարուհի Կարինե Պողոսյանը։
Համերգը հանդիսականի կողմից ընդունվեց ջերմությամբ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք