Կոչ եմ անում հեռու մնալ ԲՀԿ-ից. Ն. Զոհրաբյանը՝ Ալ. Արզումանյանին
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, առանց անուններ նշելու, անդրադարձավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ ԲՀԿ-ի հասցեին ուղղված խոսքերին. «Այստեղ գոյություն չունեցող կամ լուսանցքում հայտնված քաղաքական ուժերի ներկայացուցիչները Ամանորին ընդառաջ ակտիվացել են: Իրենց հոգով ընդդիմադիր համարող, սակայն անունով ընդդիմադիր, իրականում իշխանության կողմից հովանավորվող, թիրախ են դարձրել ԲՀԿ-ին: Նրանք հասկացել են, որ իրենց սեփական օրակարգում տեղավորելու փորձերը դատապարտվել են, ուստի տվյալ գործիչները, որոնք դե յուրե ընդդիմադիր են, սակայն դե ֆակտո գործում են բարձր հովանու ներքո, կոչ եմ անում հեռու մնալ ԲՀԿ-ից: Ես հասկանում եմ, որ այլ ուժերին քննադատելը նրանց բոնուսներ չի ավելացնում, իսկ «իշխանությունը վատն է ու պետք է հեռանա»՝ այս հայտնի ճշմարտությունները այլեւս հնարավոր չէ հրամցնել մարդկանց: Դրա համար թիրախ են դարձրել ԲՀԿ-ին»: Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը երեկ ասել էր, որ «ԲՀԿ-ն երբևէ ընդդիմադիր դաշտում չի գործել, ԲՀԿ-ն եղել է չիշխանություն, հիմա էլ գուցե կիսիշխանություն է, բայց ընդդիմություն չէ»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատեց նրա խոսափողը՝ ասելով. «Տիկին Զոհրաբյան, դուք վերջին օրերին քաղաքում չէիք ու չգիտեք, որ մենք հնարավորություն չենք տալիս խոսել, եթե թեմայից շեղվում են: Պետք է մնալ քննարկվող հարցերի շրջանակներում»: Իսկ այդ ընթացքում Նաիրա Զոհրաբյանը առանց խոսափողի շարունակում էր՝ խոսքն ուղղելով Ալեքսանդր Արզումանյանին. «Մնացեք ձեր չափի մեջ՝ ԲՀԿ-ին վերլուծելու ու քննարկելու փոխարոն: Դա կունենա բումերանգի էֆեկտ, որը շատ դաժան կլինի... Կոնկրետ զանգով միանում են ստորագրահավաքին»: