Ո՞ւր են ՀԱԿ-ի դեմքերը, դարձան հաճախորդնե՞ր. հարցնում է Շարմազանովը (տեսանյութ)
131 պատգամավորից ընդամենը 17 են միացել ՀԱԿ ստորագրահավաքին՝ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Եթե նույնիսկ 27 հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով: Ուրբաթ երեկոյան կիմանանք՝ կլինի՞ երկրորդ սերիա Սահմանադրական դատարանում, թե ոչ»: Ըստ նրա՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ ՀԱԿ-ը արհամարհում է 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է, որի հետ պետք է հաշվի նստել, թեև չի բացառում, որ ընտրակեղծիքներ եղել են. «Ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն են, սակայն ոչ 824 հազար: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»: Պարոն Շարմազանովի կարծիքով՝ ՀԱԿ-ն այլևս այն չէ, ինչ 2008, 2009, 2010 թվականներին էր և հիշեց ՀԱԿ-ի նախկին թիմին. «Այն, որ ՀԱԿ-ն արդեն երկար տարիներ գնում է ոչ թե վերելք, այլ դեպի վայրէջք, սա էլ փաստ է: Իրենց շտաբի պետը՝ Ալեքսանդր Արզումանյանը, առանցքային ուղեղներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը ՀԱԿ-ում չեն: Ո՞ւր են հիմա նրանք, նրանք բոլորը մի օրում, ինչպես իրենք են ասում, դարձան հաճախորդնե՞ր: Իսկ մենք՝ կոնկրետ ես, քրիստոնյա մարդ եմ, բոլորին էլ հարգում եմ, սիրում՝ անկախ նրանից՝ իրենք ինձ սիրում են, թե ատում են, նույնիսկ ինձ ատողներին եմ սիրում և հարգում և ցանկանում եմ իրենց խոհեմություն, առողջություն, խաղաղություն, երջանկություն, բարգավաճում»: Նրա կարծիքով՝ շատ վատ է, որ ընդդիմությունը մասնակցում է միայն համապետական միջոցառումներին և այլն էլ՝ միայն հաղթանակի ակնկալիքով. «Դա է պատճառը, որ արդյունքի չի հասնում: Դա նույն բանն է, որ Ալավերդու «Դեբեդ» ֆուտբոլային թիմը խաղա Բրազիլիայի հավաքականի դեմ և հետո ասեն, թե մրցավարը «զասուդիտ» է արել»: Դիտարկմանը, թե փետրվարին ԲՀԿ-ն ուներ թիմ, շրջում էր մարզերով, սակայն իշխանությունը կանգնեցրեց և սպառնաց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Բայց դուք իրանց հարցրեք և տեսեք, թե ինչ երջանիկ են, շատ նորմալ «այո» են ասում, ինչ է եղել: ԲՀԿ-ն ունի իր կարծիքը, և մենք տեսանք, որ ԲՀԿ-ում տրանսֆորմացիա եղավ և դա նրանց ներքին որոշումն է: Մենք որևէ մեկի նկատմամբ դաժան չենք վարվել, մենք հարգում ենք բոլորին և կուսակցությունների ներքին խնդիրներին չենք խառնվում, և մեր պայքարը եղել է ընդդեմ երևույթի, ոչ թե ընդդեմ անձի»: