Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այո»-ի շտաբի ղեկավարը թերևս շատ լավ տիրապետում է մոնտաժման արվեստին. Ա. Սաքունց (տեսանյութ)

Քաղաքականություն
419a6074e3a7391d4e7df8c1bdda4df1

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած խախտումների և կեղծիքների վերաբերյալ մի քանի օր առաջ իրավապահ մարմինների երեք ղեկավարների հրավիրած ասուլիսը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է կեղծիք: «Ես դա համարում եմ ուշացած, ես դա համարում եմ կեղծիք, աչքակապություն և իրենց անգործության փաստ: Այդպիսի զանգվածային միջոցառման առանձին էպիզոդներով առանձին քննություն տանելու միջոցով փորձ է արվում ամբողջ կազմակերպված հանցագործության էությունը կոծկել»,-նշեց Արթուր Սաքունցը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Առաջին հերթին իրավապահները պետք է քրեական հետապնդում իրականացնեն Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը չսպասելով ԿԸՀ-ի կողմից նույնիսկ ձևական պաշտոնական տվյալների հաղորդմանը, միանգամից հայտարարեց, որ հանրաքվեն կայացած է: Եթե իրավապահներն ուզում են վստահություն լինի, ապա հենց այդ գործընթացից պետք է սկսել»: Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի այն հայտարարությունները, թե ընտրատեղամասերում գտնվող իրենց աշխատակցների վերաբերյալ ոստիկանությունն այդ օրը ոչ մի բողոք չի ստացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր հերթին որակեց որպես բացարձակ սուտ: «Ես ինքս կարող եմ առնվազն 3 օրինակ նշել, որ ահազանգվել է ոստիկանություն, բայց իրենք որևէ քայլ չեն ձեռնարկել ՝ նույն 5/01, 8/29 , 6/03 տեղամասում, երբ տարբեր խախտումներ են հայտնաբերվել: Ունենք հարյուրավոր ահազանգեր, հաղորդումներ հանցագործության մասին, ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր, բայց այս պահի դրությամբ հարուցվել է ընդամենը 17 քրեական գործ»,-շեշտեց Դանիել Իոաննիսյանը: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից վերջինս ոստիկանության գործողություններն ու որդեգրած մոտեցումները բնութագրեց որպես պրոպագանդիստական քայլ: «Կառավարությանն առընթեր աշխատող ոստիկանությունը իրականում փորձում է տանել այն գիծը, որ որևէ լուրջ խախտումներ ու կեղծիքներ չեն եղել, մասշտաբային հանցագործություններ չեն եղել»,-ասաց նա: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարություններին, թե խախտումների վերաբերյալ հրապարակված բոլոր տեսանյութերը մոնտաժված են, պարոն Սաքունցը շեշտեց. ««Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենայն հավանականությամբ շատ լավ տիրապետում է մոնտաժման արվեստին՝ այնպես, ինչպես մոնտաժեցին հանրաքվեն: Ուրիշ այլ գործիքի և մեթոդոլոգիայի չի տիրապետում»: