Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՓԱԼՈՎՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԷՐ ԱՐՈՆՅԱՆԻՑ

Սպորտ

Իսպանական Լինարես քաղաքում մեկնարկեց շախմատային սուպերմրցաշարի 2-րդ շրջանը: 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ, որին առաջին տուրում պարտության էր մատնել: 9-րդ տուրում Արոնյանը նույնպես ոչ-ոքի ավարտեց պարտիան, այս անգամ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Իսկ ահա 10-րդ տուրում հայ գրոսմայստերը մրցաշարում իր 2-րդ պարտությունը կրեց՝ սեւերով զիջելով աշխարհի գործող չեմպիոն Վեսելին Թոփալովին: Վերջինս 1-ին շրջանում խիստ անհաջող էր հանդես գալիս, սակայն 2-րդ շրջանի 3 խաղերում էլ հաղթանակ է տոնել: Արոնյանի եւ Թոփալովի միջեւ առաջին շրջանում կայացած հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի, իսկ հունվարին Վեյկ ան Զեեում կայացած մրցաշարում առավելության էր հասել Թոփալովը:

10-րդ տուրում Ռաջաբովը հաղթեց ֆրանսիացի Բաքրոյին, իսկ Լեկոն ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ:

Մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Պետեր Լեկոն, իսկ Արոնյանը, Թոփալովը եւ Ռաջաբովը 5.5-ական միավորով բաժանում են 2-րդ հորիզոնականը: 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի մրցաշարային աղյուսակը Իվանչուկի եւ Բաքրոյի հետ եզրափակող Ֆրանսիսկո Վալեխոյի հետ: