Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Լինարեսի շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում պարտության մատնեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորով Պյոտր Սվիդլերին: Այս փայլուն հաղթանակից հետո Արոնյանը 3 միավորով ամրապնդվեց 3-րդ տեղում, եւ ընդամենը կես միավոր է զիջում 2-րդ տեղում ընթացող Սվիդլերին:

Իսկ առաջատարը Լեկոն է, որը արդեն 4 միավոր է վաստակել: Մրցաշարի ֆավորիտ Վեսելին Թոփալովը վերջապես հաղթանակ տոնեց` պարտության մատնելով Վասիլի Իվանչուկին: Վերջինս Թոփալովի, Ռաջաբովի, Բաքրոյի հետ միասին բաժանում է 4-րդ տեղը:

Այս տուրից հետո մրցաշարում հաղթելու ռեալ հնարավորություն ստացավ նաեւ Լեւոն Արոնյանը, որը իր կարիերայի ընթացքում 2-րդ անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի, որի մրցանակային հիմնադրամը կազմել է 380 հազար եվրո, իսկ 8 մասնակիցներից 7-ի վարկանիշը գերազանցում է 2700-ը:

Ի դեպ, 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հունգարացի Պետեր Լեկոն, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լեւոնը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: