«Ով պետք է կալանավորվի, զոհի կարգավիճակում է, ով մեղավոր չէ՝ կալանքի տակ է» (տեսանյութ)
Արտակ Բուդաղյանի գործով նրա փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Այսօր առաջին նիստն է լինելու։ Այս մասին հայտնեց հենց փաստաբանը։ Պարոն Ալումյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալի կալանավորումն անհիմն է. «Արաբկիրի դատարանում հաջողություն չունեցանք, հիմա պայքարում ենք Վերաքննիչում։ Այն, ինչ իմ պաշտպանյալի դեմ փորձում են օգտագործել, ամբողջը ենթադրությունների մակարդակով է։ Մարդուն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելը դեռ հիմք չէ նրան կալանավորելու»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞վ է փաստաբանը բացատրում դատարանների նման աշխատելաոճը, պարոն Ալումյանը նշեց. «Հին կադրեր են կենտրոնի դատարանում, լրիվ Խորհրդային շրջանի վիճակ է։ Կարծես ԱԱԾ-ի մի ստորաբաժանում լինի այնտեղ։ Ափսոս, նիստերը դռնփակ են։ Եթե տեսնեք՝ ինչ է կատարվում այնտեղ։ Մրցում են մի կողմից պաշտպանը, մյուսից՝ դատավորն ու քննիչը։ Հետո դատավորը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ այդ մրցույթի արդյունքներն ամփոփելու»։ Փաստաբանը պնդում է, որ գործը չի էլ քննվում պատշաճ ձևով։ «Պատրաստի ունեն որոշումը, միայն անուն-ազգանուններն են փոխում։ Ձևաթուղթ է դա, բլանկ են լրացնում։ Իրավաբանությունը գլխիվայր շուռ է տրված այս գործում։ Ով պետք է կալանավորվի, այսօր զոհի կարգավիճակում է, ազատ ման է գալիս, ով մեղավոր չէ՝ կալանքի տակ է»,-շեշտեց նա։ Պարոն Ալումյանը նաև այլ հանգամանք նշեց. «Վերջերս Սուրիկ Խաչատրյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե մեղադրվողները խոստովանել են։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Լրատվամիջոցներից մեկում նշված էր, թե գինովցած է եղել, երևի թե դա է պատճառը եղել, որ այդպես է ասել»։ Նշենք նաև, որ Բուդաղյանների գործով պաշտպան Հայկ Ալումյանը դիմել է նաև Եվրադատարան։