Օմբուդսմենը չի կարծում, որ որևէ մեկն ավելի լավ կանի իր գործը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ասաց. «Երիտասարդ օմբուդսմեն եք ու հարյուրավոր խնդիրներ եք բարձրացրել, սակայն ինքներդ եք խոստովանել, որ դրանք հիմնականում լուծում չեն ստանում: Ստացվում է՝ դուք հաճույք չեք ստանում ձեր աշխատանքից, քանի որ լծակներ չունեք՝ խնդիրներ լուծելու: Արդյոք ցանկություն չե՞ք ունենում այդ պաշտոնից հրաժարական տալ: Սա մարդկային առումով եմ հարցնում»: Այնուհետեւ, պարոն Ջհանգիրյանը խոսեց մի դիմումի մասին, որը օմբուդսմենը հետ վերցրեց ՍԴ-ից՝ պատճառաբանելով, թե նմանատիպ թեմայով կառավարությունը եւս նախագիծ ունի ԱԺ-ում: «Արդյոք ձեր դիմումը հետ վերցնելը ՍԴ-ից կապված չէ՞ր կառավարության համանման նախագծի հետ, որ հետո եկավ ԱԺ օրակարգ ու ընդունվեց»: Օմբուդսմենը հայտարարեց, որ ինքն ամենեւին ցանկություն չունի հրաժարական տալու. «Ավելին, ես իմ աշխատանքն անում եմ այնպես, որ կարծում եմ՝ քչերը կամ իմ ճանաչած իրավաբաններից չեմ ճանաչում մեկին, որ աներ ավելի արդյունավետ մեր այս պատմական ժամանակաշրջանին համապատասխան, քան ես: Երբ տեսնեմ մեկին, որ այս իրավիճակում ավելի լավ կանի այդ աշխատանքը, ես կսկսեմ քննարկել իմ հրաժարականի հարցը: Ինչ վերաբերում է հաճույք ստանալուն, ապա դժվար թե այս դառը աշխատանքը որեւէ մեկին բավարարի: Այդ հաճույքի բավարարումս եղել է այն, որ հարյուր մարդուց որեւէ մեկին օգուտ եմ տվել, դա փակում է մնացած հաճույքները: Ես նման հաճույք մաղթում եմ այստեղ գտնվող յուրաքանչյուրին»: Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում կրկին անդրադարձավ ՍԴ-ից հետ վերցված դիմումին՝ ասելով, որ ինքը բավականին տեղեկացված է ու շատ լավ հիշում է ամեն ինչ: Ապա նա կոչ արեց օմբուդսմենին. «Ինչպես ժողովրդական խոսքում է ասված՝ սատանի մայլում քյանդրբազ չեն խաղում, ու եթե մեզնից պահանջում եք ազնիվ ու անկեղծ լինել, նույնն էլ ձեզ ենք կոչում»: «Ճիշտը ասում են նրան, ով ուզում է լսել ճիշտը: Իսկ ես գտնվում եմ ԱԺ-ում, ոչ թե սատանի մայլում»,- հակադարձեց օմբուդսմենը: