Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները

Պաշտոնական
3065

2015թ.  հոկտեմբերի  22-ին  ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն): Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով. ·      ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը, ·      հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում, ·      սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, ·      փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը, ·      համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները, ·      ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը, ·      սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային  պայմանագրի լուծման առանձնահատկությունը, ·      սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, ·      առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները, ·      կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը, ·      միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները, ·      վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը, ·      հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում, ·      աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով, ·      կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին