«Մենք ունենք բավարար կամք և միջոցներ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ-ում հարց ուղղելու իր հերթին խոսեց այն մասին, որ քաղաքացիներն իրենց կուսակցությանը հաճախ են դիմում։ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հարցով, երբ գործը գնում է ԴԱՀԿ ծառայություն, մարդիկ ստանում են իրենց հաշիվների սառեցման մասին տեղեկություն։ Հետո գնում, փորձում են ճշտել, մեծ հերթեր են կանգնում և վերջում պարզվում է, որ վճարումներ կատարել են, ասում են՝ թյուրիմացություն է, կներեք։ Արդյո՞ք միջոցներ ձեռնարկվում են, որ մարդկանց համար ավելի հարմար լինի այս հարցերով զբաղվելը»։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան նշեց. «Հանձնարարականներ են եղել այս հարցի առնչությամբ։ Իրավացի եք, ձեր բարձրացրած խնդիրը բոլոր քաղաքացիներին է հուզում՝ սկսած դահլիճից, վերջացրած սահմանամերձ գյուղերի բնակիչներով։ Պիտի ասեմ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է՝ բոլոր խնդիրները վեր հանելու համար։ էլեկտրոնային համակարգում առկա են եղել խնդիրներ, որոնք այս տարվա ընթացքում թեև շտկվել են, բայց պիտի ասեմ, որ շարունակում են մնալ։ Փորձելու ենք այնպես անել, որ քաղաքացին էլեկտրոնային տարբերակով ստանա հավաստագիրը, շփում չլինի համապատասխան ծառայողի հետ և իր խնդիրը լինի լուծված»։ ԲՀԿ-ական պատգամավորը հաջողություն մաղթեց այդ հարցում նորանշանակ նախարարին։ Վերջինս էլ հավելեց. «Մենք ունենք բավարար կամք, պատրաստակամություն և միջոցներ՝ այդ ամենն իրականացնելու համար»։