Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեն կարող կոռուպցիայի դեմ պայքարել մարդիկ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
5300223919305a6562532eac60a12db2

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին հետաքրքրում է, թե որքանո՞վ է հայրենի կառավարությունը տիրապետում երկրում կոռուպցիոն իրավիճակին։ «Վերջերս կոռուպցիայի մասին վկայող երկու օրինակ եմ տեսել լրատվամիջոցներում։ Առաջին դեպքում բազմաթիվ օրինակներով ներկայացվել է Հայաստանի պետական մարմինների կաշառակերությունը, ներառյալ ԱԻՆ-ի, Մաքսային ծառայության, Առողջապահության պետական տեսչության, ՍանԷպիդկայանի, Հարկային ծառայության։ «Գրին Բին» կոչվող սրճարանի սեփականատեր Դեյվիդ Բեքետը հայտարարել է, որ գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե աջակցում է փոքր ու միջին բիզնեսին, այլ հակառակը՝ պատժում է, որ սնանկանան։ Երկրորդն այն է, որ Մարզահամերգային համալիրի սեփականաշնորհման մութ գործարքի արդյունքում այն հայտնվել է ոմն Դինո Ավադիսյանի ձեռքում, որի անունը շրջանառվել է խարդախությունների համատեքստում։ Ի՞նչ է կառավարությունն արել կամ պատրաստ անել՝ կոռուպցիայի այս օրինակների հետ կապված և ի՞նչ ծրագիր է թաքնված համալիրի գործարքի հիմքում»,-հարցրեց պատգամավորը։ Սակայն կառավարությունից ներկա աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չպատասխանեց հարցին։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ կառավարությունից պատրաստ են հարցին պատասխանել՝ գրավոր տեսքով, թող պատգամավորը գրավոր ներկայացնի իր հարցերը։ Պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Կառավարության անպատրաստվածությունն՝ այս հարցերին պատասխանելու, արդեն շատ պերճախոս է։ Սա վկայում է այն մասին, որ կոռուպցիայի պայքարին կառավարությունը չի տիրապետում։ Եվ մեր այն դիրքորոշումը, որ հրաժարվեցինք մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվող հանձնաժողովի աշխատանքին, կապված էր այն բանի հետ, որ մենք դա համարում էինք կատարյալ իմիտացիա։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ չեն կարող կոռուպցիայի դեմ պայքարել մարդիկ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ»։