«Մեր ապրանքն առնում են, հետո մեզնից փող են վերցնում, որ փողը մուծե՞ն» (տեսանյութ)
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հարցով։ «Վարչապետի ներկայությամբ, կառավարության որոշմամբ ՀԷԿ-ը վաճառքի հանվեց։ 2 շաբաթ հետո գնորդը՝ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը, դիմել է երեք հայաստանյան բանկերի՝ 90 մլն դոլար վարկ ստանալու հարցով։ Օֆշորում գրանցված կազմակերպություն է։ Ստացվում է՝ Հայաստանից է վերցվել վարկը, որ հետո գործարք լինի մեր երկրի հետ»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո, վարկ վերցրել է ընկերությունը, բայց ոչ ամբողջովին, 90 մլն դոլար չի վերցրել։ Բաժնետոմսերը գրավադրված են ոչ միայն բանկերին, այլև Հայաստանի կառավարությանը։ Քանի դեռ չի վճարվել գործարքի ողջ գումարը, այդ բաժնետոմսերը կշարունակեն գրավադրված մնալ կառավարությանը։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ այդ վարկերը վերցված են հայաստանյան բանկերից»։ Պարոն Հարությունյանի պատասխանը պատգամավորին չգոհացրեց. «Ստացվում է՝ նախնական ոչ մի գումար չունեին ու դուք դա ներկայացնում էիք որպես տնտեսական գրանդիոզ գործարք։ Ինձ տվեք վարկը, ես գամ վերցնեմ նույն պայմաններով, 2-3 տարում կփակեմ։ Մեր ռազմավարական չորս լճերը, որ կազմում են ամբարված ջրերի 50 տոկոսը, մեր ապրանքն առնում են, գրավ են դնում, հետո մեզնից փող են վերցնում, որ փողը մուծե՞ն։ Սա դուք նորմա՞լ եք համարում»,-հարցրեց նա։ «Գումարի մոտ 2/3-ը կազմակերպությունը վճարել է սեփական ռեսուրսներից։ Այդ օբյեկտները ընկերությանը հանձնված չեն ի սեփականություն, հետևաբար՝ չեն կարող գրավ դրվել։ Սեփականության իրավունքը շարունակում է պահպանել Հայաստանը։ Այո, այս գործարքը լիովին համապատասխանում է բիզնես տրամաբանությանը»,-ի պատասխան շեշտեց կառավարության աշխատակիցը։