Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը սե՞պ է խրում Գ. Ծառուկյանի ու վարչապետի միջեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
Carukyan-Abrahamyan

ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր հարց էր ուղղել վարչապետին եւ Ֆինանսների նախարարին, որը հնչեցրեց նաեւ բանավոր: Պատգամավորը հիշեցրեց Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթը, երբ նա ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին ակնարկներ արեց, որ նա միլիարդավոր դրամներ չի վճարում բյուջե եւ ապա` վարչապետին հրահանգեց ստուգումներ անել, որից հետո էլ վարչապետը բամփելու մասին հայտնի ելույթը ունեցավ. «Ի՞նչ տեղի ունեցավ այդ ստուգումների արդյունքում: Վարչապետն ասաց, որ Ֆիննախը տեղեկացրել է, թե մայիսի վերջ հունիսի սկիզբ տեղեկանք կներկայացնի, ապա` պարզվեց, որ դա մի քանի օր կձգձգվի: Անցել է մի քանի ամիս, բոլոր հնարավոր ժամկետները սպառվել են»: Ապա` դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պարոն Փաշինյանը հարցրեց. «Հիմա Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր ասում, թե՞ զրպարտում էր ձեր սիրելի խնամիին: Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր սեպ խրել ձեր ու ձեր խնամիի հարաբերությունների միջեւ, երբ ձեզ հանձնարարում է բամփել, մինչդեռ ինքը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Ստացվում է` միլիարդավոր դրամ հարկեր չվճարածներին հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալներ են բաշխում, թե այսպիսով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում Ծառուկյանից` իր հայտարարությունների համար: Եւ ի վերջո, այս ամենի համար որեւէ մեկը չպե՞տք է ներողություն խնդրի հանրությունից, թե շարունակելու եք ուրախ ապրել: Չնայած` ձեր ֆոնին կարծես թե հանրությունն էլ տխուր չէ, քանի որ ձեզ տեսնում է այդպես ուրախ»: «Երանի ես պատասխանելու իրավունք ունենայի»,- ափսոսանք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Պարոն Հարությունյանն ընթերցեց Ֆիննախ Գագիկ Խաչատրյանի կարճ գրությունը, քանի որ նա բացակայում էր` գործուղման պատճառով: Գրության մեջ նշված է, որ ընթացքի մեջ են աշխատանքները եւ հաշվի առնելով աշխատանքի ծավալները` դրանք կարող են հրապարակվել միայն ավարտից հետո, որ մասին լրացուցիչ կտեղեկացնեն. «Կա՞ն հարկային խախտումներ ու կա՞ արդյոք քաղաքական այս կամ այն հարցադրումը, պատասխանը շատ պարզ է` հարկային պատասխանատվության են ենթարկվում անգամ մեր կուսակից ընկերները: Այստեղ օրենքն է գերակա լինելու»: Նիկոլ Փաշինյանին այս պատասխանները զարմացրին. «Օրենսդրությունը հստակ ժամկետներ է սահմանել, ու աշխատանքները պետք է արդեն ավարտված լինեին: Իսկ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ի՞նչ գործողություններ են ձեռնարկել: Այստեղ ես երկու լուծում եմ տեսնում` կամ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը զուտ քաղաքական դրդապատճառներով է արել այդ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կամ` 2-րդ, եթե համապատասխանում են իրականությանը այդ հայտարարությունները, ապա պետք է համապատասխան հետեւանքներ լինեն: Հիմա` ոչ այն եք անում, ոչ էլ` այն: Ձեզ թվում է` կհոգնե՞նք այդ հարցը տալով: Եթե պետք լինի, ես երկու շաբաթը մեկ այս հարցը տալու եմ. հանկարծ չմտածեք, որ կցրենք, կմոռանանք»: Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք երկու շաբաթը մեկ նույն հարցը կրկնելու եք, զարմանալու բան չկա, եւ հասկանում եմ նաեւ, որ քաղաքական առումով ձեզ համար ավելի շահավետ է այս հարցը բարձրացնել: Եթե առ այսօր որեւէ քրեական գործ չի հարուցվել, նշանակում է, որ որեւէ փաստ դրա համար հիմք հանդիսացող, առկա չէ»: