Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց»-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan1

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկմանը գովեստի խոսքեր ասաց Ռուբեն Ջաղինյանին` մշակութային բարձրարժեք հաղորդումների ու համերգների ցուցադրման համար. «Սա Անկախության 20 տարիների ընթացքում նորություն էր»: Սակայն նա միաժամանակ Ռուբեն Ջաղինյանին մեղադրեց անգործության ու օրենքի խախտման մեջ. «Ձեր եթերում քաղաքական լուսաբանումը աչքի չի ընկնում բազմակողմանիությամբ ու անկողմնակալությամբ: Իշխանությանը հակադիր կարծիքներ չեն հնչում, ընդդիմադիրները չեն հրավիրվում ոչ հարցազրույցների, ոչ բանավեճերի, ոչ էլ թոք-շոուների: ՀԱԿ-ը ընդհանրապես զրկված է Հանրային եթերից»: Պարոն Զուրաբյանը հետաքրքրվեց` ինչպես է լինելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավների հավասար լուսաբանումը. «Բանավեճի ի՞նչ ֆորմատներ եք նախատեսում նրանց միջեւ, որ բավարարվի հավասարության սկզբունքը»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց գովեստի խոսքերի համար, ապա ասաց, թե բոլոր քաղաքական ուժերին էլ իրենց եթերում հնարավորություն տալիս են երեւալու, տարբեր ծրագրերում մասնակցելու. «Երբ ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներն էին, մենք միանգամից եկանք ու ուղիղ եթեր հեռարձակեցինք: Այդ երկու օրվա ընթացքում այնպիսի բաներ հնչեցին Հանրայանի եթերով, որ չեմ պատկերացնում` մեկ այլ հեռուստաընկերություն, որ աներ: Փոփոխություններ ենք անում հիմա մեր եթերում. ժամանակ է պետք. մենք ռիթմի մեջ ենք մտնում: Ինչ վերաբերում է «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավներին, ապա ես հիմա պատրաստ չեմ պատասխանել. մենք պատրաստվում ենք»: Պարոն Ջաղինյանը նաեւ հետաքրրքվեց. «Դուք ո՞ր ծրագրում եք գտնում ճիշտ, որ պետք է մասնակցեիք, պարոն Զուրաբյան, բայց չեք մասնակցել: Խնդրեմ ասեք»: Այդ պահին դահլճից հնչեց մի տարբերակ. «Երգ երգոց»: