Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Ուրիխանյանը պատրաստ է անուն նշել. Ջաղինյանը պատասխան չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled8

ԱԺ-ում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ հիշեցրեց, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը ֆինանսավորվում է հանրության գրպանից, եւ ապա հետաքրքրվեց. «Արդյոք Հանրային հեռուստատեսության քաղաքական, վերլուծական, լրատվական ծրագրերը սպասարկո՞ւմ են բացառապես իշխանության համար ընդունելի, չխանգարող, իշխանամետ, իշխանական կամ իբր ընդդիմադիր գործիչներին: Որեւէ բացատրություն կարո՞ղ եք հիմա ինձ ներկայացնել, թե ինչ պատճառով ԱԺ պատգամավորի ելույթները որեւէ անգամ տեղ չի գտնում ձեր եթերում»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հայտարարեց, թե զարմացած է` նման բան լսելուց. «Երեւի դուք ուշադիր չեք հետեւում. ամեն տարի Հանրայինը փոփոխվում է, դա նորմալ պրոցես է: Տարբեր հաղորդումներում հայտնվում են մարդիկ, դա ճիշտ փոփոխության վեկտոր է»: Արձագանքելով Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ դուք կխոստովանեք, որ այդպիսի խնդիր եղել է: Հիմա ասում եք` փոփոխության դինամիկա կա, բայց ինչ է` ուզո՞ւմ եք կոնկրետ պատգամավորի անուն նշեմ, որի մասին խոսք է գնում: Եթե այդպիսի խնդիր կա, հրապարակային այս հարցուպատասխանի շրջանակներում, անշուշտ, կոռեկտության սահմաններից դուրս կգամ եւ կներկայացնեմ այն ու կսպասեմ որեւէ մի նյութ որեւէ մի քաղաքական, վերլուծական, լրատվական թողարկումից: Եվ, ի վերջո, այդ փոփոխությունը միշտ պետք է լիներ, այլ ոչ թե հիմա սկսվեր»: Տիգրան Ուրիխանյանի այս խոսքերից հետո Ռուբեն Ջաղինյանը լուռ նայում էր նրան ու որեւէ բառ չկարողացավ ասել: Միայն ԱԺ փոխնախագահի դիտարկումից հետո, թե արդյոք նա չի՞ ուզում արձագանքի պատգամավորին, պարոն Ջաղինյանը սթափվեց ու ասաց` ոչ: