«Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, ու դուք չեք էլ ցանկանում շարժվել». Բագրատյանը` ԿԲ-ին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԿԲ 2015թ. ծրագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում այն, որ ԿԲ-ն պարբերաբար ներկայացնում է վիճակագրական տնտեսական աճ. «Ինձ հետաքրքրում է փաստացի տնտեսական աճը»: Նա հայտարարեց, որ չի խորշի ու կներկայացնի 2009թ. տնտեսական ցուցանիշները, ըստ որոնց` ՀՀ տնտեսական աճը նվազել, հասել է 2010թ. տվյալներին. «Առաջարկում եմ վարչապետին եւ կառավարությանը վերաիմաստավորել այսօր տարվող քաղաքականությունը եւ, օրինակ, 2017թ. ապահովել նվազագույն աշխատավարձի կտրուկ աճ, այլապես ներկա մարտահրավերները չենք կարողանալու լուծել առկա ստանդարտ գործիքներով»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր ելույթը մասնագիտական է լինելու: Սակայն մինչ այդ նա, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. «Ես ձեզ մեղադրում եմ, որ արդեն 3-րդ տարին է` ԿԲ նախագահը չի գալիս ԱԺ ու անձամբ չի ներկայացնում գլխավոր փաստաթուղթը: Երեխա չենք, հերիք է, ամեն ինչ հասկանում ենք, որ դուք` պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանի հրահանգներն եք կատարում, իսկ նա չի ուզում, որ ԿԲ նախագահը գա, քանի որ նա չի տիրապետում թեմայի: Իսկ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մեր հարցերին ըստ էության չի պատասխանում»: Գալուստ Սահակյանը փորձեց արդարանալ. «Ես երբեւէ չեմ սպասում... ես ավելի կողմնակից եմ, որ գա...»: Հրանտ Բագրատյանը շարունակեց իր ելույթը` ասելով, որ երեկ Ներսես Երիցյանը խեղաթյուրել է իրենց ներկայացրած փաստերը. «Իբր ասել եմ, թե դրամի զանգվածը պետք է ավելացնել, իսկ դա նշանակում է գնաճ: Քանիերորդ տարին է` գոռում ենք, եթե ցանկանում եք դրամի զանգվածը ավելացնել, ավելացրեք պետական արժեթղթերը: Երիտասարդ, ես իմ համաձայնությունն եմ տվել, որ քեզ ու Վաչե Գաբրիելյանին ուղարկենք Վալյուտային ֆոնդ` սովորելու, ուղարկել ենք Բոստոն սովորելու: Ես ձեզ հիմա ո՞ր գրքերը սովորեցնեմ: Ես էլ եմ Խորհրդային տարիներին սովորել, դուք էլ: Ձեզ շատ բաներ պիտի սովորեցնենք ու մինչեւ կյանքներից վերջը պիտի սովորեցնենք»: Պարոն Բագրատյանի բարկությունը հասավ իր գագաթնակետին. «ԱԺ-ն մի թունավորեք` սուտ բաներ ասելով, պարոն Երիցյան: Պատկերացրեք բասեին 10 տոննանոց, որի մեջ մի վեդրո ցեխ են լցրել, տնտեսությունը այդ բասեինն է, այն մաքրելու համար ընդամենը պետք է այդ կեղտաջուրը հանել, որ մաքրվի: Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, ու դուք չեք էլ ցանկանում շարժվել: Բա ձեզ ինչի ենք պահում, որ մի կոպեկ չեք տալիս բյուջեին: ԿԲ-ն վերցրել, ընկել է դրամի հետեւից: Եթե շատ եք մտածում դրամի մասին, ընդհանրապես դոլարով վարկավորումը վերացրեք: Չեմ հասկանում` ինչի պիտի մենք նյարդեր կորցնենք, նման ծրագիր կարդանք: Իմ ասած փաստարկները անառարկելի են: Ամբողջ օրը պադավատ մեքենաներով եք ման գալիս, քարտուղարուհիներ պահում, մի հատ էլ նոր տեղակալի հաստիք եք բերել հաստատելու: Խա՞ղ եք անում այս պետության հետ, այս ի՞նչ եք անում, այս պետությունը ո՞նց կարող է առաջ գնալ այսպես»: «Պարոն Բագրատյանը փորձ ունի, բայց բոլորս էլ ինչ-որ չափով մեր սխալների վրա ենք սովորում»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: