Վկան տալիս է մեկը մյուսին հակասող ցուցմունքներ. Ակտիվիստի պաշտպան (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում դեռ չսկսված ավարտվեց նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու համար 6 ամսվա ազատազրկման դատապարտված Նարեկ Հակոբյանի գործով դատական նիստը։ Դատարան չէր ներկայացել գործով դատախազ Ռոլանդ Հայրապետյանը, թեեւ պատշաճ ծանուցվել էր։ Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 28-ը։ Պաշտպանական կողմը միջնորդել է ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ արդարացնել նրան։ Նարեկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նարեկ Հակոբյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի խոսքերով՝ գործում բավարար ապացույցներ կան, որոնք փաստում են Նարեկ Հակոբյանի անմեղությունը։ «Ցուցմունքները, որոնք դրվել են նաեւ մեղադրական դատական ակտի հիմքում, մենք գտնում ենք, որ վերջիններս արժանահավատ չեն առնվազն։ Խիստ հակասական ցուցմունքներ են տվել կոնկրետ վկա Խաչատուր Հովակիմյանը, որը դատարան չներկայացավ եւ հնարավորություն չունեցանք նրան հարցաքննելու։ Վկան տալիս է մեկը մյուսին հակասող ցուցմունքներ»,- նշեց Թամարա Բաղդասարյանը։ Ի դեպ, Նարեկ Հակոբյանը իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։