«Հենց այնպես ոչ մեկի հետ սուրճ չենք խմում». Հերմինե Նաղդալյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմի համար շատ կարեւոր էր մոնիթորինգի հանձնաժողովում տեղի ունեցած երկու քննարկումը, որի առաջին նիստում քննարկվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, ըստ նրա, ամփոփ անդրադարձ էր, եւ հանձնաժողովի անդամները դրական փոփոխություններ են տեսնում: Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ իրենք այնքան արդյունավետ են աշխատել, որ անգամ անիմաստ որեւէ մեկի հետ սուրճ չեն խմել. «Հենց այնպես ոչ մեկի հետ սուրճ չենք խմում. ամեն մի սուրճ խմելը մի նպատակ է կամ փորձում ենք ինչ-որ բաց լրացնել»: Նա անդրադարձավ նաեւ այն լուրերին, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակության անդամները ծափահարել են. «Ես անիմաստ եմ համարում Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե դա իրականությանը չի համապատասխանում, դա իշխանության կողմից իջեցված պատվեր է: Ես որեւէ պատվերի մասին տեղեկություն չունեմ, սա այն խնդիրը չէ, որ ուղղակի կապված է մեր պատվիրակության աշխատանքների հետ»: Տիկին Նաղդալյանը միաժամանակ չժխտեց, որ ինքը նաեւ շնորհակալություն է հայտնել Լեւոն Զուրաբյանին՝ իր կատարած աշխատանքների համար. «Դա առաջին անգամը չէ, որ ասել եմ. երբ ազգային շահերին առնչվող խնդիրներ են, մեզնից յուրաքանչյուրի ջանքը կարեւորում եմ, ես որեւէ մեկին ավելի կամ պակաս հայրենասեր չեմ համարում»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը Սահմանադրական փոփոխությունների՝ ԱԺ ընդունած նախագծին, ապա պատվիրակության անդամները խուսափեցին որեւէ մեկնաբանություն տալ: Վահան Բաբայանը նաեւ ավելացրեց. «Այս պահին սա այն հարթակը չէ, որ այլ գնահատականներ հնչեցնենք. Մենք հիմա բազմակուսակցական ասուլիս ենք տալիս ԵԽԽՎ աշխատանքների մասին»: Ի դեպ, ասուլիսին ներկա էին ՀՀԿ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը եւ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: