Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս փաստաթուղթը մենք ծնել ենք տարեսկզբին»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
assembly

ԱԺ-ում այսօր ավարտելով 2014թ. հաշվետվության քննարկումը՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը սկսեց ներկայացնել 2015թ. ծրագիրը: Այդ ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղից սկսեց բղավել, թե ինչու են հիմա սկսում այդ քննարկումը, ինքը գործուղման է լինելու ու չի հասցնելու ելույթ ունենալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ է ու երբ պատգամավորը վերադառնա, նրան կտա այդ հնարավորությունը՝ կարծիք հայտնելու: Հարց ուղղելիս Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Ներսես Երիցյանի ասածների հետ բացարձակապես համաձայն չէ. «Դուք՝ ինչպես ուսուցիչը դասարանում, թե բա դուք գիտեք՝ ինչ վատ բան է գնաճը: Նաեւ՝ ինչո՞ւ ենք այսքան ուշ քննարկում այս փաստաթուղթը...Ուզում եմ իմանալ նաեւ ՀՆԱ-ի աճի հետ կապված ձեր գնահատականները: Օրինակ՝ մի թիվ ասեք, ասենք ապրիլի թիվը»: Ի պատասխան Ներսես Երիցյանն ասաց. «Այս փաստաթուղթը մենք ծնել ենք տարեսկզբին ու սահմանված կարգով ներկայացրել ենք ԱԺ հանձնաժողով: Մենք ներկայացնում ենք արդիական տվյալներ ու եթե մեր կանխատեսումները չեն համընկնում, ապա փորձում ենք ներկայացնել տարբերությունները ու թե ինչպես են դրանք ազդելու ապագայի վրա: Իսկ գնաճի վերաբերյալ հաշվետվությունը մեկ ամիս առաջ է հրապարակվել: Մյուս թվերը ձեզ առանձին կտամ»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերը՝ ուղղված ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, այդպես էլ անպատասխան մնացին: Պարոն Մելքումյանին մասնավորապես խնդրեց տալ քաղաքական կամ քաղաքականին մոտ գնահատական, այլ ոչ թե մասնագիտական բանավեճի մեջ մտնի. «Նաեւ՝ ձեր գործունեությունը պետք է միտված լինի տնտեսական աճին ու կենսական պայմանների բարելավմանը: Այդ պատճառով ուզում եմ իմանալ՝ եթե փող ունեն մարդիկ, կարո՞ղ են այնպիսի տեղեր տեղաբաշխել, որ քիչ վնասներ ունենան ու քիչ ռիսկեր լինեն: Ասում եք՝ ավանդներն ավելացել են: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ ոչ: Փողը դնելու արդյունավետ ուղիներ կա՞ն, թե ոչ: Մի քանի բանկեր վերջերս դարձան ԲԲԸ, ասում են՝ դա լավ օրից չէ: Դուք ինչ կարող եք ասել: Եվ, ի վերջո, ինչո՞ւ մեր հանրապետությունում գործերը չեն լավանում»: Ներսես Երիցյանի պատասխանները խիստ անորոշ էին ու ոչ ըստ էության: Միքայել Մելքումյանը խոստացավ իր հարցադրումներին անդրադառնալ իր իսկ ելույթում: