Գերմանացի պատգամավորը՝ Բունդեսթագում Ցեղասպանության հարցի հետաձգման մասին (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության մասին հարցը գերմանական Բունդեսթագում շրջանառության մեջ պետք է դրվեր օգոստոսին, սակայն դա հետաձգվել է օբյեկտիվ պատճառներով: «Հայտնի է, որ Հունաստանի ճգնաժամի հետ կապված քննարկումներ էին ընթանում Բունդեսթագում, որից հետո ի հայտ եկավ փախստականների հարցը և Հայոց ցեղասպանության հարցը կարծես թե ընկավ հետին պլան»,- ասում է Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը: Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը հիմնադրել և ղեկավարում է գերմանահայկական ֆորումը: Ըստ նրա՝ չնայած Ցեղասպանության ճանաչման գործընթացը հապաղում է, այնուամենայնիվ՝ իրենք աշխատում են ակտիվորեն: «Մենք պատրաստվում ենք նամակ ուղղել Բունդեսթագի նախագահ պարոն դոկտոր պրոֆեսոր Նորբերտ Լամերտին՝ կոչ անելով` հայցադիմումը շրջանառության մեջ դնել, քանի որ հենց պարոն Լամբերտն էլ իր ունեցած ելույթում Բունդեսթագին կոչ արեց ընդունել Ցեղասպանությունը: Այս թեման նաև այսօր Սիրիայում քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցողի համապատկերում արդիական է»,- ասում է նա: Իսկ ինչպիսի՞ն է Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հնարավոր տարբերակների շուրջ: Այս թեմայով պարոն Վայլերն անձամբ է զրուցել արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: «Կարող եմ ասել, որ այս պահին գերմանական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների օրակարգը աշխարհագրական այլ մասեր է ընդգրկում: Սակայն Գերմանիայի շահերից է բխում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ կարգավորվի: Ալբերտ Վայլերը Երևանի պետական համալսարանում էր «Գերմանական պառլամենտարիզմը» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով։