Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասեք՝ իրար ձեռ ենք առնում, մի երկու անեկդոտ պատմեմ»

Քաղաքականություն
hermine-hrant

Ազգային ժողովում այս րոպեներին քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ԴԱՀԿ մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունման նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց. «Մեր ռազմավարությունն ավելի շատ ուղղված է ինստիտուցիոնալ հարցերին։ Մեզ հաջողվեց մնալ ցածր գնաճի շրջանակներում և ապագա նպատակն է խարսխել գնաճային սպասումները»։ ԿԲ փոխնախագահը խոսեց նաև լողացող փոխարժեքի քաղաքականություն իրականացնելու մասին։ «Դա նշանակում է՝ երկարաժամկետ միտումների դեպքում ԿԲ-ն չի գնում քամուն հակառակ և թույլ է տալիս փոխարժեքը ճշգրտվի։ Մեր ամբողջ գործիքակազմն ուղղված է լողացող փոխարժեքի պայմաններում կայունությանը»։ «Ասում եք, լողացող կուրս։ Ով որտեղ է լողում, ուզում եմ հասկանամ»,-հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ «Ով որտեղ է լողում, դա շատ լիրիկական էր։ Լողացող փոխարժեքն այն է, որ ԿԲ-ն սահմանափակ միջամտություն է իրականացնում փոխարժեքին։ Ամբողջությամբ լողացող փոխարժեք, ըստ էության, որևէ երկիր չունի։ Արժութային շուկայում միջամտությունները կատարվում են՝ կարճաժամկետ փոփոխությունները մեղմելու համար»,-պատասխանեց ԿԲ աշխատակիցը։ «Արձագանքեք ելույթին, պարոն Բագրատյան»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Ի՞նչ արձագանքեմ. համ ընդեղ խփեց, համ ընդեղ, կամ ասեք՝ իրար ձեռ ենք առնում, մի երկու անեկդոտ պատմեմ։ Թող Կենտրոնական բանկի նախագահը գար, ինչո՞ւ չի եկել»,-հարցրեց պարոն Բագրատյանը։ Պարոն Երիցյանն ասաց, թե բանկի նախագահը հարգելի պատճառով ներկա չէ։ «Շատ լուրջ ենք վերաբերվում ձեր հարցերին և շատ լուրջ արձագանքում»,-վստահեցրեց նա պատգամավորին։