«Կոստանյանն ամեն ինչ անելու է, որ Խաչատրյաններից ոչ մեկը պատասխանատվություն չկրի»
Փաստաբան Հայկ Ալումյանը դեռ երեք ամիս առաջ էր կանխատեսել, որ իշխանություններն անելու են ամեն ինչ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ազատ արձակեն։ Նա մեղադրվում էր Սյունիքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Հարություն Զաքարյանը պնդում էր, որ իրեն հարվածել է Տիգրան Խաչատրյանը, սակայն հետագայում փոխել էր ցուցմունքը։ «Դա գործելաոճ է, ձեռագիր է։ Քանի դեռ գլխավոր որոշողներից մեկը գլխավոր դատախազ Կոստանյանն է եւ դատելով Բուդաղյանների գործով նրա գործողություններից, որին ես ականատես եմ եղել, ես տեսնում եմ, որ նա ամեն ինչ անելու է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի ոչ միայն որդին, այլ ընտանիքի անդամներից, հարազատներից ոչ- ոք պատասխանատվության չենթարկվի»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայկ Ալումյանը 2013թ-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով Բուդաղյանների պաշտպանն է։ Տան մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, սակայն մեղադրանք էր առաջադրվել Արտակ Բուդաղյանին՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Նրա նկատմամբ տուգանք էր նշանակվել 120.000 դրամի չափով։