Ազատամարտիկը հրապարակում է իր եւ Ռուբեն Հայրապետյանի սպառնալից խոսակցությունը
Քիչ առաջ սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ դեռեւս հունիս ամսին իրեն է զանգահարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ հորդորել դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը՝ մասնավորապես ասելով. «Հանգիստ վեր ընկի տանը»։ Ազատամարտիկն ընթերցեց նաեւ իր եւ Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։ Նա անդրադարձավ նաեւ Ռուբեն Հայրապետյանի կողմից արված այն հայտարարությանը, թե ինքը հիասթափվել է Սմբատ Հակոբյանից այն ժամանակ, երբ իմացել է նրա կողմից բռնաբարության փորձի մասին։ Ազատամարտիկը հակադարձում է. «89 թվականին ՊԱԿ-ի կողմից քրեական գործ է հարուցվել իմ նկատամամբ բռնաբարության համար, սակայն գործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով… Հետո ինձ առաջարկել են շանտաժի միջոցով իմ դեմ քրեական գործ հարուցողների դեմ բողոքել, սակայն ես մերժել եմ»։ Հիշեցնենք, ազատամարտիկն իրեն ծեծողների մեջ նկատել էր ոմն Տիգրանի, որն ըստ իրեն, եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից։