Նոր կայք. ներկայացնում է դատախազությունը
Այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Շվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան: Ծրագրի նպատակն է ամրապնդել մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի բռնությունից: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որ ամենաբարձր՝ Սահմանադրության մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա որևէ դրսևորում: «Խոշտանգման բացարձակ արգելքներ սահմանված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում: Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին», -ասել է Գ. Կոստանյանը: (Գ. Կոստանյանի ամբողջական ելույթը հետևյալ հղումով): Այնուհետև տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքի պաշտոնական բացումը: Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ: Դա նախատեսում է Եվրոպական դատարանում պետության ներկայացուցչի դերի նորովի արժևորում, որը ենթադրում է ներկայացուցչի կողմից դատարանի վճիռներով սահմանված իրավական դիրքորոշումները և մարդու իրավունքների եվրոպական չափանիշները երկրի իրավական համակարգում ներդնելու գործընթացի կազմակերպման գործառույթի ստանձնում: Նման նոր մոտեցումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի առջև ծառացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման մարտահրավերը: Մասնավորապես, գանգատների քանակի ավելացումը հանգեցրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատների քննության ժամկետների ձգձգման և, որպես հետևանք, դատարանի իրավական դիրքորոշումների կարգավորիչ ազդեցության թուլացման: Հենց այսպիսի իրավիճակն է մղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առաջ քաշելու այնպիսի նոր սկզբունքներ, որոնք ուղղված են պետության իրավական համակարգի կատարելագործմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այս հիմնարար խնդրի հաջող իրագործումը կախված է մի շարք հիմնարար պահանջների իրացումից: Մասնավորապես, կարևորվում է Եվրոպական դատարանում պետությունների կառավարությունների ներկայացուցիչների կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում խորհրդարանի, դատարանների, պետական մյուս մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ նպատակային ու ինստիտուցիոնալ համագործակցության հաստատումը: Այդ առումով, ներկայացուցչի կայքը կլինի հենց այն կարևոր գործիքներից մեկը, որի շնորհիվ մեր քաղաքացիների համար մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը կդառնան առավել հասանելի, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի: Սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը: Այդ կերպ, կբարձրանա նաև նպատակային և ինստիտուցիոնալ համագործակցության մակարդակը վճիռների կատարման հարցում: