«Վարձակալված տարածքների մեծ մասը կառավարության անդամներինն են». ԼՂՀ ԱԺ պատգամավոր
«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթը ԱԺ լիագումար նիստում Հարգելի՛ ներկաներ, Արդեն իսկ ուրվագծվում է, որ առաջիկայում պետական բյուջեի ծավալները չեն ավելանա՝ կապված միջպետական վարկի հնարավոր կրճատման, սեփական եկամուտների նվազման և այլ գործոնների հետ պայմանավորված: Եթե սրան գումարենք առևտրային բանկերի կողմից բիզնեսի վարկավորման կրճատումը, ինչպես նաև վարկերի թանկացումը, կարող ենք փաստել, որ երկիրը կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առջև: Ցավոք, նման սցենարի կանխատեսում մենք արել էինք դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ և այդ մասին արտահայտվել հրապարակայնորեն: Այս ժամանակահատվածում կառավարությունն իր մեջ կամք չգտավ կատարելու քայլեր, որոնք նվազագույնի կհասցնեին վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը երկրի տնտեսական վիճակի վրա: Տնտեսական դժվարությունները բերելու են ռեսուրսների նոր կենտրոնացման, փոքր բիզնեսը կանգնելու է վերացման վտանգի առջև, ուժեղանալու են կոռուպցիոն ռիսկերը, սրվելու է գործազրկության հարցը: Աշխատատեղերի սակավությունն ուժեղացնելու է ծանոթով գործի մտնելու երևույթը, ինչը հասարակության ներսում մեծացնելու է անարդարության զգացումը: Այսօր, երբ կանգնել ենք կատարված փաստի առջև, դեռևս ուշացած չէ մի շարք կարևոր քայլերի կատարման համար: Առաջինը դա գործող բիզնեսի խնդիրներն ուսումնասիրելն է և փորձելը դրանց համար լուծում գտնել: Առաջնային հարցերից մեկն այս ոլորտում արտարժույթով վարկ վերցրած տնտեսվարողների ունեցած հարկային տուժանքների ներումն է: Ժամանակին արտարժույթով վարկ վերցրած շատ տնտեսվարողներ հայտնվել են ծանր վիճակում դրամի կուրսի տատանման պատճառով, ժամանակին չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները և կուտակել են տուժանքներ: Այս տուժանքների ներումը հնարավորություն կտա վերոնշյալ տնտեսվարողներին շարունակել իրենց գործունեությունը: Ընդհանրապես ժամանակն է հարկային վարչարարության մեղմացման: Անցած տարի միայն առևտրի ոլորտում 175 աշխատատեղ է կրճատվել, ինչը նաև կոշտ հարկային վարչարարության հետևանք է: Երկրորդը ուռճացված պետական բյուրոկրատիայի սպասարկման ծախսերի կրճատումն է: Կարծես ամեն տարի նոր կառավարական-գերատեսչական շենք է կառուցվում, բայց մինչ այսօր կառավարությունը շարունակում է տարբեր ստորաբաժանումների համար տարածքներ վարձակալել: Զարմանալի ձևով այդ վարձակալված տարածքների մեծ մասը պատկանում են կառավարության անդամներին: Կառավարությունն առաջնահերթ պետք է հրաժարվի ավելորդ տարածքների վարձակալություններից: Ավտոպարկի կրճատման մասին շատ է խոսվել, սրան պետք է ավելացնեմ նաև ներկայացուցչական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը: Այս գումարներն անհրաժեշտ է ծախսել գյուղական ենթակառուցվածքների նորոգման, գյուղական աղքատության կրճատման ծրագրերի ֆինանսավորման, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետության համար: Երրորդ կարևոր կետը, որ կարևորում եմ, կրթության որակի հարցն է: Արցախում կրթության որակը մնում է բավականին ցածր: Հասարակությունը վճարվող հարկերի և վարձավճարների ձևով հսկայական ռեսուրսներ է ծախսում, վատնվում են երիտասարդ լավագույն տարիները, այնինչ արդյունքներն ուղղակի ողբերգական են: Այս հարցի լուծումը նույնպես քաղաքական կամքի հետ է կապված. կառավարությունը պետք է կրթական համակարգին նայի որպես ոչ թե աշխատատեղ ապահովող ոլորտի, այլ կարևորի դրա կրթական ֆունկցիան՝ սրանից բխող քայլերով: Այլապես մենք շարունակելու ենք հսկայական գումարներ ծախսել՝ առանց արդյունք ունենալու: Չորրորդը իշխանությունների նկատմամբ հանրության վստահության ավելացման հարցն է, ինչը կարևոր նշանակություն ունի նաև երկրում կատարվող ներդրումների համար: Բարձր վստահություն ունեցող հասարակություններն ավելի նպաստավոր են ներդրումների համար: Սրա համար առաջանահերթ պետք է վերացվեն կոռուպցիոն երևույթները: Եթե պաշտոնյան տարեկան հայտարարագրում է 6-7 միլիոն դրամ եկամուտ, սակայն կառուցում է մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ առանձնատուն, ապա ոչ մի կերպ այդ հասարակությունում իշխանությունների նկատմամբ վստահությունը բարձր չի լինի: Եթե մենք Սփյուռքին հորդորում ենք բարեգործական կամ զարգացման ծրագրեր իրականացնել Արցախում, սակայն մեր պաշտոնյաների սպասարկումն ավելի թանկ է նստում, քան բարեկեցիկ երկրների պաշտոնյաների սպասարկումը, ապա վստահաբար Սփյուռքի կողմից նմանատիպ ծրագրերի քանակն ու ծավալը կրճատվելու են: Ամփոփելով խոսքս, ուզում եմ հիշեցնել, որ նման քննադատություն առնվազն վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ հնչել է, սակայն կառավարությունն ականջալուր չի եղել դրան: Հույս ունեմ, որ եկամուտների կրճատումը կստիպի կառավարությանը գնալ պարտադրված բարեփոխումների: Դրա այլընտրանքը աղքատության մակարդակի բարձրացումն է, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Շնորհակալություն ուշադրության համար: 30 սեպտեմբերի 2015թ.