Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը բոլոր գործառույթները գցում է իր վրայից. գրականագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
մառ

Սահմանադրության փոփոխությունների արդյունքում թերագնահատվելու է պետության կարգավորիչ դերը. այսօր իրենց մտահոգությունն են հայտնում մտավորականների խորհրդի անդամները։ Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է սահմանադրական փոփոխությունների արդյունքում էկոլոգիական հնարավոր խնդիրները. «Հանվել են կետեր, որտեղ պետությունն ունի պարտավորություններ բնակչության հետ համատեղ։ Գործող սահմանադրությամբ պետությունն ապահովում էր, իսկ հիմա խթանում և աջակցում է, ինչը տարբեր բաներ են։ Այսինքն` կարող է ստացվի խթանել, կարող է՝ ոչ»,- ասում է բնապահպանն ու հավելում, որ այս ձեւը հակաէկոլոգիական և հակասոցիալական է, քանի որ օրինակ`անձը պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը, իսկ պետությունը պարտավոր չէ։ Գրականագետ Ազատ Եղիազարյանը որպես բանասեր է պնդում՝ խթանել բառն իր մեջ որևէ պարտադրանք չունի: Այսինքն՝ պետությունը բոլոր գործառույթները գցում է իր վրայից։ Ինչ վերաբերում է նախագահականից խորհրդարանական համակարգի անցմանը, պարոն Եղիազարյանը նշում է. «Ես քաղաքագետ չեմ, սակայն, միևնույն է, իմ պատկերացմամբ մենք չունենք կայացած կուսակցական համակարգ, ինչի վրա հիմնվում է պառլամենտական համակարգը: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այս լարված վիճակում են որոշել Սահմանադրություն փոխել, չէ՞ որ մեզ այս պահին ուժեղ իշխանություն է հարկավոր»։ Մտավորականների խորհրդի անդամ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ իր հերթին հավելեց, որ չի հասկանում կառապա՞ն է փոխվում, թե՞ կառքը. «Կառապա՞ն ենք փոխում, թե՞ կառքը, ոչ մեկը, որ մյուսը, պարզապես ջարդված անիվը վերանորոգում են, սակայն ո՞ւր ենք գնում, ո՞ւր է մեր ճանապարհային քարտեզը, արդյո՞ք տգիտության անդունդն ենք գնում»: Իսկ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ կետերով անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա իր մտահոգություններին. «Հոդված 5-ում ասվում է, որ միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակա են ՀՀ օրենքների նկատմամբ, իսկ սա նշանակում է` ցանկացածը, որ կհամարվի պարտադիր մեզ կստիպեն իրականացնել: Սա ուղիղ հարված է մեր սուվերենությանը, քանի որ կստիպեն մեզ ընդունել ցանկացած այլանդակություն: Նոր նախագծով վերացվել է նաեւ պետական սեփականությունը և անցել են սեփականաշնորհման մեխանիզմին, ինչ է, պետությունը սեփականություն չպե՞տք է ունենա»։