Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ոչ միայն ՀԱՊԿ-ից պետք է պահանջատեր լինենք, այլեւ ՌԴ-ից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AOH01ZGC1wY

Սահմանային լարվածության վերաբերյալ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր անցկացված փակ նիստից հետո ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողներին ասաց, որ որեւէ կոնկրետ բան ասել չի կարող` իրենց հետագա անելիքների, որոշումների մասին: Նա միայն մեկնաբանեց վերջին օրերի լարվածությունը, մեր իշխանությունների եւ միջազգային հանրության արձագանքները: Թե որքանով էր հայկական կողմի գործողությունները համարժեք հակառակորդին, պարոն Քոքոբելյանը դա նուրբ հարց որակեց եւ նշեց, որ իր կարծիքով` դրանք համարժեք էին. «Ժամանակակից պատերազմներում, իսկ այսօր մենք գրեթե պատերազմում ենք, բառացիորեն պատերազմական գործողություններ են կատարվում, որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, որ խոցվում են խաղաղ բնակավայրեր, բնակչությունը, իսկ դա այլ դա ձեւակերպում չունի, եւ ես գտնում եմ, որ այս պարագայում թե միջազգային հանրության կողմից, թե շահագրգիռ պատկան մարմինների, հատկապես ՀԱՊԿ կողմից համարժեք պատասխան չկա»: Արդյո՞ք փակ քննարկման ժամանակ խոսվել է նաեւ ՀԱՊԿ պահվածքի մասին, Խաչատուր Քոքոբելյանը խուսափողական պատասխան տվեց` նշելով, որ բոլոր հարցերին անդրադարձել են: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պահվածքին, ապա այն չի բավարարել պատգամավորին, նա անգամ նամակ էր գրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին. «Արձագանքը ես ակնկալում եմ գործողությունների տեսքով, այլ ոչ թե զուտ գրավոր պատասխանի»: Նա նաեւ նկատում է, որ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ մեր սահմանը պարբերաբար խոցվում է Ադրբեջանին վաճառված ՌԴ արտադրության զինամթերքով. «Փորձել լղոզել այդ իրավիճակը` դա անթույլատրելի եմ համարում: Փաստը մնում է փաստ, որ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, 1997թ. հայ-ռուսական հայտնի պայմանագրի 3-րդ կետով նշված է, որ կողմերը պարտավոր են նպաստել յուրաքանչյուր կողմի համար խաղաղության կայունացմանը` իրենց հասանելի միջոցներով: Այդ կետի ուղղակիորեն խախտում է լինում: Ես գտնում եմ, որ մենք ոչ միայն ՀԱՊԿ-ից պետք է պահանջատեր լինենք, որը նաեւ իր ուղղակի կանոնադրական պարտավորությունն է, այլեւ ՌԴ-ից: Ծայրահեղ դեպքում զենքի վաճառքը ուղղակի անթույլատրելի է, եւ ռուսները չեն թաքցնում, որ զենքի վաճառքն իրենց համար բիզնես է»: Խաչատուր Քոքոբելյանը եւս մեկ անգամ ընդգծում է` մեր անվտանգության երաշխավորը մեր մարտունակ բանակն է, եւ չպետք է ապրենք սին պատրանքներով. «Սակայն դա չի նշանակում, որ համապատասխան կողմերից չպետք է համապատասխան պահանջները չներկայացնենք: Ցավոք, ես համարել եմ ու համարում եմ, որ ՀԱՊԿ-ն ՀՀ համար ուղղակի անվտանգության համակարգ չէ, ու որպես այդպիսին չի գործում, դա ՌԴ իշխանությանը հարմարեցված կառույց է, եւ անգամ ռուս վերլուծաբանները նշում են, որ այն Միջին Ասիայի համար ստեղծված կառույց է»: