Ոչ ասողները չեն հաղթի. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վստահ է, որ ներկայումս ժողովուրդը ոչ ոքի չի հավատում, իսկ այս կամ այն ուժի ներկայացուցիչները շատ բան չեն կարող որոշել։ «Հիմա որ ասում են՝ գնան միանան ոչ-ին, գնան Պարույր Հայրիկյանին միանան։ Խի չգիտե՞ն իրենց դերակատարությունը ընտրություններին կամ այլ գործընթացներին։ Յուրաքանչյուր ազնիվ քաղաքացի և քաղաքական գործիչ պետք է ըմբոստանա անարդարության դեմ, որն այսօր Հայաստանում դարձել է նորմ»։ Հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող Ոչ-ի ճակատը հաջողության կհասնի, նա նշեց. «Ես յուրաքանչյուր ուժի հետ համամիտ եմ, որը պայքարում է իշխանության դեմ, որովհետև դա իշխանության նախաձեռնությունն է, ես միանում եմ։ Բայց մեծ ոգևորություն չեմ ապրում ու համարում եմ, որ չեն հաղթի ոչ ասողները»։ Ասում է՝ հիմա քաղաքացին էական ոչինչ չի տեսնում ոչ-ի ու այո-ի մեջ։ Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ էլ գործիչը նշեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի քայլերը միտված են պատերազմի վերսկսմանը. «Քանի որ դա իրենց ձեռք չի տալիս։ Չնայած եթե հողերը հանձնելու լինեն, այն հողերը, որ այսօր չեն մշակվում, պատերազմի միջոցով պետք է տան։ Նվեր չեն տա ոչ ոքի»։ Այսօրվա ներքաղաքական իրավիճակում պարոն Կարապետյանը մի լուծում է տեսնում. «Մարդիկ պետք է ոտքի կանգնեն մի հարցի շուրջ ու պայքարեն։ Եթե չեն պայքարում, փախչում են ավտոբուսներով, ի՞նչ անեմ»։ Անձամբ իր համար քաղաքական գործիչը մեծ հավակնություններ չունի. «Ես ոչ մի պաշտոնի մեջ ինձ չեմ տեսնում, չնայած ուզում եմ, որ կուսակցությունն առաջնային շարքերում լինի։ Ես 8000 կուսակցական պահպանել եմ, 8000-անոց բանակ ունեմ, որոնցից համարյա ամեն մեկին անձամբ ճանաչում եմ»։