«Դատական համակարգին վերաբերող կետերը միայն բարեփոխման իմիտացիա են»
Սահմանադրական փոփոխությունների նախագծում դատական համակարգին վերաբերող կետերը միայն բարեփոխման իմիտացիա են, համոզված է «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը: Սահմանադրական նոր փաթեթում իրավաբանը սխալ ձեւակերպված կետ է համարում, օրինակ՝ քննչական մարմինների գործողությունները սահմանող կետերը. «Շատ անփույթ կարգավորում է տրված, նախատեսված է, որ քննչական գործողությունների կազմակերպում իրականացնում են քննչական մարմինները: Կազմակերպում են, այլ ոչ թե իրականացնում են, այս տերմինը շատ բան կարող է խառնել իրար, քանի որ քննիչները ցանկացած գործողություն կատարելիս դա կդիտեն որպես հակասահմանադրական: Կազմակերպել նշանակում է նյութատեխնիկական պայմաններ ստեղծել, իսկ իրականացնել՝ անձամբ կատարելն է»: Մյուս կետը, որ անհանգստացնում է պարոն Սարգսյանին, դա գործադիրի մասնակցությունն է դատական համակարգի ստեղծմանը. «Սա աշխարհում ընդունված իրավական պատկերացումներին հակասում է»: Նախագծում ոչինչ չկա նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների դերն ու նշանակությունը բարձրացնելու համար. «Եթե դատական համակարգում իրոք բարեփոխում ենք ուզում լինեն, ապա պետք է նրանց դերը կարգավորել ու հստակեցնել»: «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման անդամ Կարեն Վարդանյանն էլ նշում է, որ Սահմանադրական փոփոխությունները կբերեն ժողովրդի լիազորությունների նվազեցման. «Օրինակ, եթե այսօր յուրաքանչուր մարդ կարող է դիմել ՍԴ վիճարկելով իր նկատմամբ օրենքի սահմանադրականությունը, ապա նախագծով՝ նա այդ իրավունքից կարող է օգտվել, բացառապես, այն դեպքում, երբ խախտվում են մարդու իրավունքները»: Ժողովուրդը նաեւ իշխանության ստեղծման գործընթացից է օտարվում. «Մարդիկ կարող են մասնակցել միայն ԱԺ համամասնական ընտրություններին եւ համայնքների ավագանու ընտրություններին: Մնացածն, այլեւս իր գործառույթը չէ: Ի դեպ, մարդկանց մնում է այս կամ այն թեկնածուին ասել՝ «Ոչ» կամ «Այո», քանի որ համամասնական ընտրակարգը ինքնին ենթադրում է, որ մարդիկ չեն կարող ինքնուրույն կամ քաղաքացիական նախաձեռնությունների ռեժիմում առաջադրել թեկնածություն»,-նշում է պարոն Վարդանյանն ու հավելում, որ դա կբերի կուսակցական մենաշնորհի: Բոլոր թերությունների հետ մեկտեղ, իրավաբանները, սահմանադրական փոփոխություններում նկատել են նաեւ դրականորեն փոփոխված կետեր. «Օրինակ դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետը սահմանափակվել է ու դարձել երեք տարի, սա իմ համար դրական է, այլապես լճացում էր տեղի ունենում համակարգում»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը: