«Իրենց Գոլիցիններ ու Դաշկովներ երեւակայելով, չգան ու խառնվեն մեր երկրի ներքին գործերին»
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ 3-րդ համաժողովին այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհվածների հիշատակը: Կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ելույթում նշեց, որ պատերազմը չի ավարտվել, սակայն այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, էսկալացիայի ամենաբարձր մակարդակին են հասել. «Չեմ ուզում քաղաքական գնահատական տալ՝ բոլորիս էլ հայտնի է: Վստահ եմ, որ մեր բանակը պատվով կկատարի իր առջեւ դրված առաջադրանքը»: Նա խոսեց ԵՏՄ մեր անդամակցության վտանգների մասին՝ նշելով, որ բացի կորուստներից, որեւէ ձեռքբերում մեր երկիրը չի ունեցել. «Իրավիճակը փակուղային է հայ ժողովրդի համար՝ կուսակցությունները սպառել են իրենց հավատը: Իշխանություններին փոխելու համար, նախ եւ առաջ, պետք է փոխել այն ընդդիմությանը, որը չի կարողանում փոխել ընդդիմությանը»: Ընդունել սահմնադրական փոփոխությունները, ըստ նրա, նշանակում է՝ չունենալ ոչինչ. «Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատին, ապա նրանք ցանկանում են անձի վերարտադրության խնդիրն են ցանկանում վերացնել, սակայն կեղծիքները սկսվել են դեռ 1995թ. »: Նարեկ Սամսոնյանի խոսքերով՝ քաղաքական նոր սերնդով է պայմանավորված ժողովրդավարության ընթացքը. «Մեր երկիրն հարկավոր են ուժեր, որոնք չեն հիասթափեցրել ժողվրդին, մեր երկրի ապագան չեն կապի աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի հետ: Մեր երկրում փոփոխություններն արդեն ազդարարված են ու դա պայմանավորված է անկախության սերնդի քաղաքացիական ակտիվությամբ»: Իսկ ՀԿ անդամ Դավիթ Ֆիդանյանն իր խոսքում անդրադարձավ քաղաքական դաշտի իրական պատկերին. «Ընդդիմադիրների խոստացած թեժ աշունների խոստումները, քաղաքական պայքարը դառնում է կոռուպցիոն լծակներ ձեռք բերելու կամ դրանք պահպանելու համար մղված պայքար»: Ըստ նրա՝ դաշտում առկա քիչ, բայց որակյալ ուժերը, անհատները պետք է կարողանան տալ մի հարցի պատասխան՝ ինչպես անել, որպեսզի ՀՀ-ն չդառնա ռուսական ֆորպոստ, ինչպես դիմակայել դրան. «Պատմության ընթացքում մեր պետականությունը կորցրել ենք մեր իսկ պատճառով. պատմությունը լավագույն ուսուցիչն է, սակայն ունի վատ աշակերտներ: Պետք է դադարենք լինել այդ վատ աշակերտը»: Նա նաեւ կոչ արեց պայքարել մշակութային ռուսականացման դեմ, որպեսզի ինչպես եղավ Գյումրիի պարագայում, չունենանք Կուրսկի հրապարակ, որպեսզի ռուսական չինովնիկները իրենց երեւակայելով Գոլիցիններ ու Դաշկովներ, չգան ու խառնվեն մեր երկրի ներքին գործերին: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարեց, որ բացառելու է որեւէ համագործակցություն մինչ օրս ակտիվություն ցուցաբերած կուսակցությունների հետ, որոնք տապալել են իրենց իսկ սկսած գործընթացներն ու պատասխանատվություն չեն ստանձնել: