«Պետք է քրգործ հարուցվի քաղաքական հետապնդման համար». փաստաբան (տեսանյութ)
Երեւանի երեք բնակիչներ ձերբակալվել են ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով։ Այդ մասին հայտնի է դարձել մինչեւ ուշ գիշերը «Գրիգոր Lուսավորիչ» բժշկական կենտրոնում ընթացող ճանաչման գործընթացից հետո։ Ազատամարտիկը ձեռնպահ է մնում խոսել ճանաչման բերված անձանց մասին, փոխարենը շտապում է հերքել տեղեկատվությունը, թե իր նկատմամբ բռնարարքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ «Ուղղակի ուզեցել են իմ քաղաքական գործունեության համար հաշվեհարդար տեսնել և բառիս բուն իմաստով սպանել»։ Սմբատ Հակոբյանը հերքում է նաև տեղեկությունը, թե իր կողմից մատնանշված Տիգրանին ինքը հայհոյել է հացկերույթի ժամանակ, որին էլ հաջորդել է բռնարարքը։ «Ես Տիգրանի հետ երբևէ սեղանի շուրջ չեմ եղել, չի եղել նման բան։ Եթե որևէ մեկը փաստեր ունի, խնդրեմ՝ թող ներկայացնի։ Բացարձակ որևէ շփում..., որպես տերիտորիայի մարդիկ՝ պարզապես բարևել ենք իրար»։ Արդյո՞ք նրա մատնանշած Տիգրանը կապ ունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ «Ես ասել եմ, որ մի հոգու եմ դեմքով ճանաչել այդ անձնավորություններից, ում մասին ժամանակին տեղեկացել եմ, որ նա եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից։ Հիմա կա թիկնազորում, թե չկա, որևէ բան ես չգիտեմ»,- պատասխանում է նա։ Սմբատ Հակոբյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ իրավապահների կողմից պետք է չանտեսվի ազատամարտիկի հայտարարությունն այն մասին, որ իր նկատմամբ տեղի ունեցած բռնարարքը քաղաքական հետապնդման արդյունք է։ «Բացի առողջությանը միջին կամ բարձր ծանրության վնաս պատճառելու կամ սպանության փորձի մեղադրանքից, պետք է նաև քաղաքական, քաղաքացիական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով քննություն կատարվի»։ Փաստաբանի համոզմամբ՝ Սմբատ Հակոբյանի կողմից արդեն իսկ տրված բացատրությունները բավարար են այս պնդումը հիմնավորված համարելու համար։ Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հիմքով։