«Սահմանադրության հանրաքվեից հետո ընտրական օրենսգրքում փոփոխություն կարվի» (տեսանյութ)
Նոր Սահմանադրության մեջ ամրագրված 100 տոկոս համամասնական ընտրակարգը Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կդառնա 100 տոկոս մեծամասնական,-ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Կա որոշակի ինֆորմացիա, որ Ընտրական օրենսգրքում նման փոփոխություններ պատրաստվում են անել Սահմանադրության հանրաքվեից հետո»։ Պարոն Դանիելյանը նկատում է, որ նախընտրական համամասնական ընտրացուցակները ձեւավորվելու են ռեյտինգային սկզբունքով, այսինքն, ընտրելու են ոչ միայն կուսակցության ցուցակն ամբողջությամբ, այլեւ ցուցակի անդամներից որեւէ մեկին. «Սյունիքի մարզը ընտրելու է Սյունիքի մարզպետին, եւ էդ մարզպետը ցուցակում բարձրանալու է վերեւ, նույնը մյուս մարզերում, նույնը խոշոր գործարարները»։ Բնականաբար, ըստ Ստեփան Դանիելյանի, Սուրեն Խաչատրյանն ամեն ինչ անելու է, որ մարզում հաղթի ոչ միայն Հանրապետականը, այլեւ ինքը. «Այսինքն, եթե հիմա մենք ունենք 40-41 տեղ մեծամասնական, հաշվի առնելով կուսակցությունների ցածր վարկանիշը, ընդդիմադիր կուսակցությունների, ուրեմն էդ ցուցակի 90 տոկոսը լինելու է ըստ էության մեծամասնական»։ Ստեփան Դանիելյանը չի շտապելու նոր Սահմանադրության մեջ գտնել որեւէ լավ կետ, այնտեղ, ըստ քաղաքագետի, սարսափելի ծուղակներ կան։ Իրավաբան Հայկ Ալումյանը նրանցից է, որոնց դուր է գալիս նոր Սահմանադրության մեջ նախատեսված անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Հենց նրա հետ համաձայն չէր Ստեփան Դանիելյանը։ «Ես ասում եմ՝ ես կարող եմ, չէ՞, համարել, որ դա լավ մոդել է, այո, հետեւապես ես կարող եմ չէ՞, ուզել դրա օգտին քվեարկել, եւ չուզենալ քվեարկել սեփականության իրավունքի օգտին, ինչու՞ ես պիտի ունենամ մեկ ձայն»,- հարցնում է Հայկ Ալումյանը։ Իրավաբանը չի ցանկանա այսօրվա բանավեճը տանել համամասնական ընտրակարգի մեջ դրված ծուղակների բացահայտման ուղղությամբ. «Սա տանում է նրան, որ ամբողջ ժողովուրդը նշանակություն չեն տալու, մի մասը գնալու է պարզապես քվեարկի «այո» ինչ-որ պատճառներով, իսկ ով էլ որ չէր քվեարկելու «այո», ինքը առանձնապես նշանակություն էլ չի տալու «ոչ» ասելուն»։ Ալումյանը փոքր-ինչ հիասթափված է, որ մի սրահում հավաքվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ փորձում են քաղաքականացնել քննարկումները. «Էկեք էդ հրշեջին չնմանվենք, որ ինչ սկսում ենք խոսալ, վերջում անդրադառնում ենք կայուն մեծամասնություն, երկրորդ փուլ, համամասնական-մեծամասնական... Եկեք էսօր էլ մարդու իրավունքներից խոսել»։ Քննարկումների կազմակերպիչը համաձայն է՝ եկեք այսօր չքաղաքականացնենք քաղաքական փաստաթղթի քննարկումը։