ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՎԱՂԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ
Վաղը Շվեյցարական Մոնտրե քաղաքում կկայանա 2008թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի ժամանակ հայտնի կդառնան նաեւ Հայաստանի հավաքականի մրցակիցները: Եզրափակիչի 16 մասնակիցներից երկուսն արդեն հայտնի են, դրանք են մրցաշարի կազմակերպիչներ Շվեյցարիան եւ Ավստրիան:
Մյուս 14 ուղեգրերը կխաղարկեն 50 հավաքականներ, որոնք կբաժանվեն 7 խմբի:
Վիճակահանությունից առաջ հավաքականները բաժանվել են 7 զամբյուղների: Հայաստանը ընդգրկվել է 6-րդ զամբյուղում, ինչը հնարավորություն կտա մրցակցել 7-րդ զամբյուղում ընդգրկված թույլ հավաքականներից որեւէ մեկի հետ, որոնց մեջ է նաեւ Ադրբեջանի ընտրանին: Խմբերում առաջին 2 տեղերը գրաված հավաքականները միանգամից դուրս կգան եզրափակիչ փուլ:
Ընտրական պայքարը կսկսվի 2006թ. սեպտեմբերից եւ կավարտվի 2007թ. հոկտեմբերին: Վիճակահանությանը կմասնակցի շուրջ 700 հյուրեր, որոնց թվում են Եվրոպայի ամենաճանաչված մարզիչները: Հայաստանից վիճակահանությանը կմասնակցեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Մոնտրեում տեղի կունենա նաեւ երիտասարդական հավաքականների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի մրցակարգն այս անգամ փոփոխվել է: Վարկանիշով ցածր հավաքականները, այդ թվում եւ Հայաստանը, ընդգրկված են 2 զամբյուղներում: Վիճակահանությունից հետո այս հավաքականները կբաժանվեն զույգերի եւ 2 - ական հանդիպում կանցկացնեն, որից հետո կմիանան վարկանիշով բարձր երկրների եւ խմբային մրցաշարում կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրերի համար:
ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ ԵՆ
Ջիբլարթարում ընթացող շախմատային միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Մարտին Արիզմենտիի հետ: Թեեւ Հակոբյանը համարվում էր այս մրցավեճի բացահայտ ֆավորիտ, սակայն չկարողացավ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնել: Ընդհանրապես մրցաշարի ֆավորիտներն առայժմ չեն կարողանում իրենց առավելությունը արտահայտել վարկանիշով ցածր շախմատիստների նկատմամբ: Վլադիմիր Հակոբյանը եւ 2 տասնյակից ավելի մասնակիցներ 1.5 միավորով բաժանում են 7-րդ տեղը: 3-րդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Անտոան Ստեֆանովայի հետ:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԱՆԱՎԱՐՏ ՄՆԱՑ
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Դավիթ Նալբանդյանը հանդիպեց մրցաշարի հայտնությունը դարձած Բաղդատիսի հետ: Առաջին 2 սեթերում Նալբանդյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 6:3, 7:5 հաշիվներով եւ թվում էր գործնականում ապահովեց եզրափակչի ուղեգիր: Սակայն Բաղդատիսը հաջորդ 2 սեթերում հաղթանակներ տոնեց 6:3, 6:4 հաշիվներով եւ հաղթողը պետք է որոշվեր վերջին 5-րդ սեթում: 5-րդ սեթը հաջող սկսեց Նալբանդյանը եւ 2 անգամ 2 միավորի առավելություն ուներ, սակայն Բաղդատիսին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվն այլեւ առաջ անցնել 5:4 հաշվով: Հենց այդ պահին էլ մրցամարտը անձրեւի պատճառով հետաձգվեց եւ կշարունակվի առաջիկայում: