Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դարավոր թշնամությունը չպետք է խանգարի շփմանը»

Քաղաքականություն
hay-turk

Չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև պաշտոնական շփումները դադարեցված են, սակայն ակտիվ են հարաբերությունները երկու հասարակությունների միջև։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից իրականացվող «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրին մասնակցում է 10-ական երիտասարդ երկու կողմից։ Թուրքիայում տիրող իրավիճակից ելնելով այս տարի ծրագիրն սկսվել է ոչ թե Թուրքիայից, այլ Հայաստանից։ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը նշում է. «Ֆրանսիան դարեր շարունակ եղել է Գերմանիայի դարավոր թշնամին, սակայն դա չի խանգարել, որ ակտիվ շփվեն երկու հասարակությունները։ Այս ծրագրի նպատակն այն է, որ մարդիկ միմյանց մասին կարծիք կազմեն ոչ թե դասագրքերից, այլ միմյանց հետ շփումներից։ Ծրագրին մասնակից երիտասարդները միմյանց հետ արդեն ճանապարհորդել են Գյումրիում, Էջմիածնում, Թալինում, Երևանում։ Թուրքիայի հատվածը տեղի կունենա հաջորդ տարի»։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերը անդրադառնում է նաև Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. «2015 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար։ Գերմանիայի նախագահն արտահայտվել է այս առիթով։ Այն, ինչ որ մենք հիմա չունենք, դա Գերմանիայի պառլամենտի որոշումն է։ Որքանով ես տեղյակ եմ, աշնանը ճանաչման օրինագիծը կքննարկվի Բունդեսթագում, այժմ լսումներ են ընթանում։ Ես չեմ կարող հստակ օր ասել, թե երբ օրինագիծը կքննարկվի։ Այս թեման շատ կարևոր է Գերմանիայի տարբեր ոլորտների համար»։ Դեսպանը խոսում է նաև Հայաստանի ու Գերմանիայի միջև շփումների առկա վիճակի ու այն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ «Հիմա Սաքսոնիայի մշակույթի նախարարը Երևանում է պատվիրակությամբ։ Այս առավոտ մենք երկուսով այցելել ենք Ցեղասպանության համալիր, մեզ՝ երկուսիս համար շատ հուզիչ էր։ Նախարարը տեղեկացրեց ինձ, որ Սաքսոնիան պատրաստում է նոր պատմության դասագրքեր և գլուխներից մեկը կլինի Ցեղասպանությանը նվիրված։ Դիվանագիտական շփումները կարևոր են, սակայն պետք է ակտիվ լինեն նաև Գերմանիայի և Հայաստանի բնակիչների շփումներին։ Շատ կարևոր է, որ Գերմանիայի բնակչությունը Ցեղասպանության մասին տեղեկանա հենց Գերմանիայում»։