Ազատամարտիկ. Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ասել է՝ «սպասի կտեսնես»
Երեկ Երեւանի կենտրոնում դաժանաբար ծեծված եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ հենց հիվանդանոցում: Նա լրագրողներին պատմել է իր հետ տեղի ունեցածը եւ նշել, որ իրեն ծեծողներից մեկը եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը՝ Տիգրան անունով: Սակայն տուժողը չգիտի, թե արդյո՞ք Տիգրանը հիմա էլ աշխատում է Հայրապետյանի թիկնազորում, թե ոչ: «...Ձեռքով կամաց-կամաց հրում է դեպի մետաղյա դարպասից ներս...թափով հրեցին, ցանկապատից ներս մտցրեցին: Էդտեղ մեկին տեսա, որին ճանաչում եմ, երկար տարիներ չեմ հանդիպել, չգիտեմ հիմա որտեղ է, ինչ է անում. անունը Տիգրան է, նախկինում Հայրապետյան Ռուբենի թիկնազորից էր: Էդ Տիգրանը սենց ձեռքը գցեց վզովս՝ բռնեց ու ասեց այ հիմա կբացատրենք ինչ ենք ասում ու չորս կողմից սկսեցին հարվածներ տեղալ: Ճիշտ է՝ տղավարի ասեմ, ես էլ պակաս չեմ մնացել, բայց ամեն դեպքում»,- պատմում է Սմբատ Հակոբյանը։ ՎԵրջինս պատասխանում է հարցին՝ քաղաքական ենթատեքստ ունի՞ այս ամենը, թե ոչ. «Նախ ասեմ, որ ես Հայրապետյան Ռուբենի հետ անձնական խնդիր չունեմ, որեւէ տալու-առնելու բան չունենք իրար հետ, որեւէ վիճաբանություն մեր մեջ չի եղել՝ բացառությամբ 3 ամիս առաջ էս քաղաքական թեմաներով գիշերով մեր մեջ բանավեճ է եղել, եւ ինքը էն ժամանակ ասել է՝ սպասի կտեսնես: Դե հիմա ես չեմ ուզում ասել 100 տոկոս ինքն է, թե ոչ, բայց որ Տիգրանին ճանաչում եմ որպես Հայրապետյան Ռուբիկի թիկնազորի անդամ»: