Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես կարող էի փոխել ընտրությունները, եթե մեռնեի. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b331728550ab1a9ffc7d660335b79458

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չի փոշմանել, որ 2013-ին վիրավորվելուց հետո չհայտարարեց, որ ի վիճակի չէ շարունակել քարոզարշավը. «Մարդիկ կան կարծում են, թե Հայրիկյանը կարող էր ընտրությունները փոխել։ Ես կարող էի փոխել, եթե ես մեռնեի»։ Հայրիկյանն այդ օրը չի մեռել, բայց ողջ մնալուց հետո էլ չէր կարող հետաձգել ընտրությունները, որովհետեւ դրանից կշահեին ահաբեկիչները. «Հետաձգելու իմաստը այն էր, որ թեկնածուն, ժամանակ կորցրած թեկնածուն լրացներ իր ժամանակը։ Բայց պարզվեց, որ միայն այդ թեկնածուն չի լրացնելու իր ժամանակը, իրենք էլ են մասնակցելու քարոզարշավին»։ Նախկին վիրավորն ասում է, որ Սահմանադրական դատարանն էլ իրեն խորհուրդ չի տվել հետաձգել կամ չեղյալ համարել նախագահի ընտրությունները. «Սահմանադրական դատարանում ինձ հստակ ասում էին, քանի որ դուք ոտքի վրա եք, կարող եք ձեր վստահված անձանց հետ խոսել, մենք չենք հետաձգելու»։ Հայրիկյանը կարող էր մտածել հետաձգելու մասին, եթե ընդդիմությունը որոշեր հանդես գալ միասնական թեկնածուով, հիվանդանոց այցելած Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ ինքը խոսել է այդ մասին. «Ես Րաֆֆի Հովհանիսյանի եւ Հրանտ Բագրատյանի մասին մի քիչ այլ պատկերացումներ ունեի, մտածում էի, որ միասին թիմ կստեղծենք, իրենցից մեկնումեկն իր վրա կվերցնի, ես էլ մեկ է, լավ վիճակում չեմ։ Մենք էլ կլինենք հաղթական թիմ։ Տեսա իրանք դրան պատրաստ չեն, դրա համար հետաձգելու հնարավորությունը չօգտագործեցի»։ Հիվանդը տեսնում է, որ ընդդիմության մյուս թեկնածուները եսակենտրոն մարդիկ են, որոնք նույնիսկ հաղթել չեն ցանկանում. «Ես ասում էի՝ կամ միասին հաղթում ենք լինելով երկրորդ կամ երրորդ տեղում կամ առանձին- առանձին պարտվում ենք։ Իրենք գերադասեցին առանձին- առանձին պարտվել»։ Հիվանդանոց այցելեց նաեւ իշխանության հիմնական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը։ Հայրիկյանն ասում է՝ իշխանության թեկնածուն իրեն ոչինչ չի առաջարկել ընտրապայքարից չհրաժարվելու դիմաց. «Գալիս, հարցնում էր՝ ինչպե՞ս ես։ Էդ էր, դուք կարծում եք՝ ԿԳԲ-ի գեներալը չի համարձակվել ինձ որեւէ բան ասել էն սովետական ամենածանր տարիներին»։ Հայրիկյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանի համար շատ վատ կլիներ, եթե ինքը մահանար, բայց դա ահաբեկիչների նպատակն էր. «Սեդրակյանին, մյուսներին փող տված մարդկանց նպատակն էր Հայաստանն ապակայունացնել։ Ես չէի կարող իմ շահերից ելնելով գնալ էդ ճանապարհով»։