Հնարավոր է՝ հարձակում է եղել «Սկայպ»-ի սերվերի վրա
Մոտ երեք ժամ է՝ ամբողջ աշխարհում խափանված է «Սկայպ»-ի աշխատանքը։ Հեռախոսի միջոցով օգտատերերը կարողանում են օգտվել տեսակապից, սակայն ոչ՝ համակարգչով։ Ի՞նչն է պատճառը: «Հնարավոր է՝ հարձակում է եղել սերվերի վրա: Բայց դա շատ տեսական կարծիք է: Ինձ թվում է, որ ամեն դեպքում դա տեխնիկական խնդիրներով է պայմանավորված է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս իրավիճակում չի բացառվում, որ անվտանգության առումով «Սկայպ»-ի օգտատերերի մոտ խնդիրներ առաջանան: Մեր երկրում այս ծառայությունից օգտվողները բավականին շատ են. «Եթե քիչ լինեին, «Սկայպ»-ին վեբ- կամերա չէին ասի»,-կեսկատակ նշում է պարոն Մարտիրոսյանը: Նշենք, որ համակարգի խափանումը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 12:20-ին: «Սկայպ»-ի պաշտոնական էջում ընկերությունը հայտնում է, որ փորձում է վերացնել ծառայության թերությունները: Թե ինչն է պատճառը, պաշտոնական պարզաբանում չկա: