«Մեխելու եմ այս բոլոր պրոբլեմները իշխանության ճակատին» (տեսանյութ)
ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում այսօր իր ելույթում նշեց. «Սահմանադրության թիվ 1 հոդվածում ասվում է. ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է. իսկապե՞ս։ Հայաստանում, պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրո՞ք։ Մի ասեք, թե բարձրագույն արժեքը մարդն է, իսկապե՞ս, ո՛չ»։ Պատգամավորը վստահ է, որ քաղաքացին այս ամենը չի զգում իր կյանքում և ամեն օր փորձում է հնար գտնել՝ քարշ տալու իր առօրյան։ «Ունենալով աշխատանք, նա չի կարողանում ապահովել իր կենսակերպը։ Գիտեմ դա, որովհետև ապրում եմ շարքային քաղաքացու պես։ Սահմանադրությունն այն հարցը չէ, որ հուզում է մարդկանց՝ ամեն գիշեր քնելիս։ Հիմնական խնդիրը հավատի բացակայությունն է՝ հանդեպ այն փոփոխությունների, որ իրականացվում են։ Ես ժողովրդիս հետ չեմ հավատում նրանց, ովքեր փոփոխությունների հեղինակն են։ Դրա համար ես դեմ եմ քվեարկելու այս փոփոխություններին»,-շեշտեց պարոն Ուրիխանյանը։ Ժողովուրդն ակնկալում է խեղդող վարչակարգի վերացում, օրենքի գերակայություն, բիզնես միջավայրի բարելավում։ «10 տարի կառավարել եք, ձեր քավոր-սանիկ-խնամիներին բերել եք պաշտոնի, կուտակել եք միլիոններ, մի քանի հարկանի առանձնատներ։ Իսկ հիմա գիտակցում եք, որ սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել։ Ես հանգիստ, առանց վիրավորանքների մեխելու եմ այս բոլոր պրոբլեմները իշխանության ճակատին»,-ասաց նա։