«Սերժ Սարգսյանը կրկնապատկել է Ռոբերտ Քոչարյանից ժառանգած պարտքը» (տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստին ելույթ ունենալով՝ նշեց, որ նիստին ներկա է տասներկու ՀՀԿ-ական, ու հետո էլ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումը համարում են բովանդակային. «Կեցցեք, լավ հաջողել եք»: Տիկին Փոստանջյանը նշեց, որ իր հայտարարությունն ուղղված է մեր հանրությանը. «Իշխանություններն իրենց գործունեության առաջին իսկ օրվանից ընդօրինակեցին ԽՍՀՄ գործելաոճը՝ ՀՀ-ն ներկայացնելով որպես վասալային պետություն եւ հաճախորդի կարգավիճակի խոցելիությունը գիտակցելով՝ ձեռնարկեցին «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ օպերացիան, որով ուզում են զինաթափել ժողովրդին, տիրանալ իշխանությանը: Սրանք մերժելի խաղի կանոններ են: Սերժ Սարգսյանը ընդունեց, որ կա մարտահրավեր, ու ինքը խնդիր ունի՝ մաքրելու քաղաքական դաշտը, ու այն իր համար վտանգ է ներկայացնում: Փետրվարյան դեպքերից հետո նա փորձում է ստեղծել իր քաղաքական հարթակը, ու լուծել է այդ խնդիրը»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, որպես ազգ՝ մենք քաղաքական հայտ չենք ներկայացրել, դրա համար էլ հետընթաց ենք ապրում: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը կրկնապատկել է Ռոբերտ Քոչարյանից ժառանգած պարտքը: Եթե այսօր մենք սատարենք Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, ապա մեկ մլն ավելի քաղցած մարդ կունենանք: Բոլոր նրանք, որոնք համախմբած են ու մերժում են Սերժ Սարգսյանին ու ցանկանում են օր առաջ ազատվել, ապա նրանց այլեւս չի հաջողվելու վերարտադրվել: Մեր ազգը մերժում է նրան, ՀՀ-ում ու ԼՂՀ-ում մենք պետք է ընդունենք նվազագույն սահմանադրական օրենքներ: Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ պատերի ներքո, դա բեմադրություն է Սերժ Սարգսյանի համար, մենք դրա դերակատարները չենք, մեր տեղը այսօր լինելու է ՀՀ բոլոր քաղաքներն ու փողոցները, համախմբման միջոցով պարալիզացնելու ենք այս ապօրինի իշխանության գործունեությունը: Մինչեւ հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանից պետք է ազատվենք ու պետք է ընտրենք նոր ժամանակավոր կառավարություն»: Նրա ելույթից հետո ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը փորձեց վիրավորել Զարուհի Փոստանջյանին՝ մեջբերումներ անելով Երվանդ Օտյանից: